2020-ի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը բացեց արտահերթի օրակարգը, ես հրապարակայնորեն հայտարարեցի, որ ոչ մի պարագայում նախընտրական քարոզչության քողի ներքո որևէ իմքայլականի չեմ հյուրընկալելու հաղորդմանս, ավելին՝ նոյեմբերի 10-ից ի վեր լուծարել եմ նրանց հետ բոլոր մարդկային ու գործընկերային կապերս։ Այդ խոստումս մինչև կյանքիս վերջ ուժի մեջ է։
2020-ի դեկտեմբերից 2021-ի ապրիլ՝ իբրև հեռուստալրագրող, արեցի հնարավորը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահռչակման համար, փորձում էի Շարժման անդամ կուսակցությունների ղեկավարներից հատ առ հատ խոստում կորզել, որ չեն հրաժարվելու հիմնական նպատակից՝ այս իշխանության հեռացումից և նոր միայն ընտրությունների կազմակերպումից, ինչպես Փաշինյանն արեց 2018-ին։
Աստիճանաբար ակնհայտ դարձավ, որ այդ կուսակցություները, մեկը մյուսի հետևից, մտան Նիկոլ Փաշինյանի գծած խաղի մեջ, որում ելքը կանխորոշված էր, որքան էլ ինքնախաբեությամբ զբաղվեին։ Խորհրդարանական ներկայիս ընդդիմության մասին խոսք անգամ չկա, հաճախ նրանք նույնիսկ ավելի կողմնորոշված էին դեպի Փաշինյանը, քան անգամ որոշ իմքայլականներ։
Տասնյակ ընդդիմադիր գործիչներ և մտավորականներ նեղսրտում էին, երբ եթերում դժգոհում էի իրենց փակուղային մարտավարությունից, կիսաքայլերից ու անվճռականությունից, երբ ակնարկում էի, որ այս իշխանության համար բավական նպաստավոր սցենարով են առաջ շարժվում՝ ձեռք ձեռքի մոտեցնելով Փաշինյանի համար այնքան բաղձալի արտահերթը իր իսկ կազմակերպմամբ, որը պիտի դառնար պարտության լեգիտիմացման ամուր հիմք։ Եվ դարձավ․․․
Երբ հաջորդում էր հարցը՝ իսկ դո՞ւ ինչ ես առաջարկում, պատասխանում էի՝ այդ դո՛ւք պիտի առաջարկեք, դուք եք քաղաքական գործիչը, և ձեր ընտրազանգվածին կամ համակիրներին մոլորության կամ անհուսության մեջ թողնելով՝ մի՛ փորձեք մեղքը բարդել նրանց վրա։ Ես ճանաչում եմ հարյուրավոր մարդկանց, որոնք անսասան կանգնած էին Երևանի հրապարակներում, բայց ձեր անվճռականությունը տեսնելով՝ թևաթափ եղան, ոմանք նույնիսկ այս ընտրությանը չգնացին։
Ես չգիտեմ՝ այս ընտրության արդյունքներով խորացած ներքաղաքական ճգնաժամն ու հանրային բևեռացումն ինչպես է հաղթահարվելու, միայն մի բան եմ բնազդաբար զգում՝ այն, որ ամիսներ անց հերթական արտահերթի նախապատրաստությունն է սկսվելու՝ «դարձ ի շրջանս յուրի» լավագույն ավանդույթների պահպանմամբ, ասես ոչինչ չի եղել։
Հ․Գ․ Ամիսներ շարունակ ֆեյսբուքյան արձակուրդս հույս ունեի ընդհատել հունիսքսանմեկյան Բարի լույսով, բայց լույսն, ինչպես տեսնում ենք, բնավ բարի չէ։ Համբերություն բոլորիս․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել