Բրազիլիան Հարավային Ամերիկայի առաջին երկիրն է, որը ԱՄՆ-ի հետ համաձայնություն է կնքել լուսնային «Արտեմիս» ծրագրի շրջանակում համագործակցելու և տիեզերքում գործունեության կանոնների վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:

«Արտեմիսի համաձայնությունը» բաղկացած է ԱՄՆ-ի և գործընկեր-պետությունների միջև երկկողմ համաձայնագրերից, որոնցում կա դրույթ Լուսնի մակերևույթից ռեսուրսներ ստանալու, այսպես ասած անվտանգության գոտիներ ստեղծելու մասին, որոնք պետք է կանխեն «վնասակար միջամտությունները»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակած տեսաուղերձում շնորհավորել է Բրազիլիային ծրագրին միանալու առթիվ:

2019 թ. գարնանը ՆԱՍԱ-ն հայտարարեց լուսնային «Արտեմիս» ծրագիրը սկսելու մասին, որը երեք փուլ է ունենալու. առաջինը՝ «Space Launch System (SLS)» հրթիռին ամրակցված «Orion» տիեզերանավի՝ առանց օդաչուի թռիչքի իրականացում Լուսնի շուրջն ու վերադարձ Երկիր, երկրորդը՝ Լուսնի շուրջը պտույտ անձնակազմ ունեցող տիեզերանավով և երրորդը՝ 2024 թ. աստղագնացների վայրէջքի իրականացումը Լուսնի վրա, որից հետո նրանք 2030-ականների կեսերին պետք է ուղարկվեն դեպի Մարս մոլորակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել