Analitik.am-ը գրում է.

Այսօր լրագրողները խորհրդարանում իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ խոսեցին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին, թե հիմա կան տարածքներ, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ հիմա գտնվում են հայկական վերահսկողության տակ:

Լրագրողները մասնավորապես ցանկացան իմանալ՝ հնարավոր է արդյո՞ք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում այս առումով ինչ-որ փոփոխություններ լինեն:

Պատգամավորը հայտարարեց, որ դելիմիտացիան ու դեմարկացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, հնարավոր են տարբեր իրավիճակներ. «Բայց կրկնում եմ՝ դեմարկացիան ու դելիմիտացիան շատ երկար գործընթացներ են: Ընդ որում, առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, վերջին կետով ֆիքսում են կողմերը, որ գործընթացը պետք է տեղի ունենա դիվանագիտական-քաղաքական ճանապարհով»:

Ճշտող հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ ու լինի նաև հակառակը, պատգամավորն ասաց, որ Խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն անկլավ է ունեցել Ադրբեջանում և հակառակը. «Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում, կարող են չդառնալ, կարող են ստանալ  այս կամ այն լուծումը:

Բայց պետք չէ ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, հանձնաժողովը ստեղծվի, նշանակում է, որ տեղի է ունենում դեմարկացիա ու դելիմիտացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում ու վերջ: Օրինակ Հայաստանն ու Վրաստանն իրենց սահմանը տարբեր սահմաններում չեն դեմարկացրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել