Երեկ հրապարակվել է այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Հայաստանում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը` իր պարագլուխ Ն. Փաշինյանի գլխավորությամբ։
Ինձ համար ոչ մի անսպասելի կետ չկա այդ փաստաթղթում. մեր երկրի համար բոլոր նվաստացուցիչ պայմանների ու նոր զիջումների մասին ես ու գործընկերներս զգուշացնում ենք նոյեմբերի 10-ից ի վեր՝ գրեթե անդադար։ Այն, որ թուրքերը տարածքներ են պահանջելու և ստանալու Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում և Արարատի մարզում, հասկանալի է ցանկացած սթափ մարդու։ Մենք ականատասն ենք Հայաստան գաղափարը թաղելու վերջին արարին, որը տեղի է ունենում ոչ թե՛ երրորդ երկրի (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Չինաստան...ընտրե՛ք ըստ ցանկության) պատճառով, այլ բացառապես մեր թույլատվությամբ։ Հենց մենք ենք նոյեմբերի 9-ից հանդուրժում կապիտուլյանտին՝ մեզ համար հորինելով ամենատարբեր պատրվակներ ցույցերի չգնալու, բողոքի ձայն չբարձրացնելու և կատարվողի հանդեպ զզվելի անտարբերության միջոցով։
Իսկ հիմա լուծումների մասին։
Մեր խնդիրն է նորից վերականգնել Հայաստանի պետականությունը, որովհետև այն վերացել է 10 օր առաջ։ Ինչպես հասկանում եք, դա աներևակայելի բարդ աշխատանք է՝ բազմաթիվ չերևացող հիմնախնդիրներով։ Բարդ է, բայց ոչ անհնար։
Եվ այդ ճանապարհին մեր ԱՄԵՆԱՀԵՇՏ գործը ներկայիս օկուպացիոն ռեժիմի հեռացումն է իշխանությունից։ Այո՛, հենց այս իշխանության հեռացումն է ամենահեշտ գործը այն երկար ու բարդ ճանապարհի սկզբում, որը պիտի անցնենք ազգովի։ Եթե դա չարեցինք, ապա ավելի բարդ հարցերը լուծել չենք կարողանալու և ո՛չ մի կամավորական նախաձեռնություն, ո՛չ մի սիրուն նախագիծ, ո՛չ մի անհատական ջանք օգուտ չի տալու։
Ամեն բան առավել քան պարզ է։
Եվ դարձյալ ընտրությունը ձերն է, որովհետև ես իմն արել եմ։
Հ.Գ. էս գրառումս հատկապես այն հայերի համար է, ովքեր վստահ եմ, ինձ կարդում են ու ովքեր հոգու խորքում համաձայն են ասածներիս հետ, բայց խիզախություն չունեն խոստովանել, որ իրենք ժամանակին սխալվել են ու հիմա իրենցից է կախված ամեն բան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել