Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին: Առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում.
1. Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր:
2. Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը հալվում է շոգին արևի տակ մնացած պաղպաղակի պես:
3. Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումները ակնառու են դարձնում, որ իրենք կամ իրավիճակին չեն տիրապետում կամ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակը այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կամ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն:
Իշխանություն/ընդդիմություն ֆեյսբուքյան և հեռուստատեսային տեղեկատվական մարտերի ֆոնին չափազանց կարևոր է ՀՀ շարքային ու ոչ այնքան տեղեկացված քաղաքացու վստահությունը շահելը:
Ընդդիմությունը մի ուժեղ գործիք ունի` անգամ նվազագույն չափազանցություն, մանիպուլյացիա թույլ չտալ: Իշխանական խունտան դա է ցանկանում: Նրանք դա են վաճառում իրենց լսարաններին: Դասական կիսաճշմարտությունները նախկին արդյունավետությունը չեն կարող ունենալ: Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ՈՉ ՈՔԻ: Դրանից շահում է իշխանությունը:
Ասում եմ սա որպես այս ոլորտը երկար ժամանակ ուսումնասիրող ու հենց այս թեմայով միայն նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 300 երիտասարդների հետ հանդիպած մարդ:
Ամենազգայուն թեմաներով այս օրերին պետք է լինել ճշգրիտ ու շահել մարդկանց վստահությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել