Հայաստանում անկախ լրատվամիջոցների ու ազատ մամուլի ինստիտուտի կայացման ճանապարհը եղել է բարդ ու հակասական, ուղեկցվել է մամուլի դեմ ամենատարբեր ոտնձգություններով։ Այդուհանդերձ, անկախ բոլոր թերություններից ու դժվարություններից, այսօր Հայաստանն ունի ազատ մամուլ, որի անկախությունը, սակայն, վտանգված է առավել, քան երբևէ։

Մամուլը՝ որպես չորրորդ իշխանություն, կայացած ժողովրդավարություններում կատարում է իշխանությանը վերահսկողի ու հակակշռողի կարևորագույն գործառույթ։ Այդպիսի դեր ունի նաև հայկական մամուլը, ինչը, սակայն, գործող իշխանությունների կողմից ընկալվում է ոչ թե՝ որպես ժողովրդավարության անհրաժեշտ ու կարևոր բաղադրիչ, այլ՝ որպես սեփական իշխանությանն ուղղված մարտահրավեր։ Դրանով է պայմանավորված ազատ մամուլի դեմ իշխանությունների անհանդուրժողականությունը, լրատվամիջոցները յուրայինների և օտարների տարանջատելու անթույլատրելի գործելաոճը։

Ի պատիվ հայկական մամուլի ներկայացուցիչների, ազատ խոսքի դեմ ուղղված ոտնձգություններն իրենց նպատակին չեն հասնում, և իրեն ուղղված հարվածներից մամուլը ոչ թե թուլանում, այլ ավելի ուժեղ է դառնում։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրագրողներին, լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անխոչընդոտ աշխատանք և ստեղծագործական հաջողություններ։

Ժուռնալիստների միությունը հանձնառու է բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների շահերի պաշտպանության իր առաքելությանը և այսուհետ ևս անելու է առավելագույնը՝ լրագրողների իրավունքների պաշտպանության և ազատ մամուլի կայացման նպատակով։
Շնորհավոր Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել