Միքայել Մինասյանի «Երկիր թակարդ» հոդվածը Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի համապարփակ գնահատականն է՝ հիմնավորված երկաթյա փաստարկներով: Այո, Հայաստանը հոգեբանական, սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական փակուղում է: Այս բոլորը միասին ու մեկտեղ: Ժողովրդի, էլիտաների ու Նիկոլի հավաքական «խելքի» արդյունքում է ստեղծվել այս բացառիկ աղետալի վիճակը, որից դուրս գալու դեղատոմս կամ այլ կերպ ասած՝ իրերն իրենց անուններով կոչելու համարձակության որևէ քաղաքական միավոր չունի:
Խորը և համապարփակ աբսուրդում հայտնված Հայաստանում Մինասյանի «Երկիր թակարդ» հոդվածն այս պահին միակ հստակ ու ազնիվ քաղաքական գնահատականն է՝ դիագնոզը, որը հասկանալով ու ընկալելով կարելի է ապագա կառուցել: Ապագա, որտեղ չկան նախկին բարքերը ու չկան ներկա դավաճան ապուշները: Ապագա, որտեղ կա երկիր ունենալու հույս ու շանս: Ապագա, որտեղ կա որպես ազգ և պետություն՝ ոտքի կանգնելու, ողնաշարներս ուղղելու և թշնամիներին իրենց տեղը ցույց տալու հույս ու շանս: Ապագա, որտեղ հանրային կյանքում ստախոսներն ու շառլատանները տեղ չունեն: Ապագա, որտեղ Հայաստանն ունի թե բարեկամներ, և թե ոչ բարեկամներ, բայց ոչ երբեք այսօրվա նման՝ համատարած ոչ բարեկամներ: Ապագա, որտեղ պետությունը բուտաֆորիա չէ, իսկ ազգը նպատակ ունի, և այդ նպատակը հանուն մի քանի լակոտի իշխանության միմյանց ատելն ու մեկը մյուսի ունեցածի վրա աչք դնելը չէ: Ապագա, որտեղ Հայաստանում ապրող մարդը չի խելագարվելու համընդհանուր ու համատարած կեղծավորությունից, անարդարությունից և հիմարության հասնող տգիտությունից:
Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք կանխորոշել ապագան: Ճիշտ է ասում Մինասյանը՝ նշելով, որ «սա հնարավոր է միմիայն մի պայմանով, երբ մարդիկ դադարեցնեն կուռքի ու փրկչի փնտրտուքը և բռնեն փրկել կարողացողների ձեռքը, իսկ վերջիններս էլ իրենց հերթին՝ պետք է գիտակցեն, որ այդ վայրկյանից դնում են զոհասեղանին իրենց կյանքն ու ճակատագիրը, քանզի «Ուժով հաշտեցնողին» չի ներվում ներկան, բայց հաջողելու դեպքում առաքելությունը գնահատում է պատմությունը»։ Եվ ուրեմն կա մի ճանապարհ՝ ցախավելով քշել ցանկացածին, ով փրկիչ կներկայանա, դադարեցնել ամեն տեսակի կռապաշտությունն ու հրաժարվել քաղաքական ֆետիշներից, առաջ բերել ապագա կառուցելու ունակներին, առաջնորդության խաչը դնել այդ մարդկանց ուսերին և միասին երկիրը դուրս բերել այս խորը անդունդից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել