Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցելու ընտրություններին եւ չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀԿ Գործադիր մարմինը երեկ ոորոշում է կայացրել մասնակցել արտահերթ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք ձեւավորելով, որի պայմանական կոչվում է «հակաչարիքային կոալիցիա»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել է մեր տեղեկությունները, որ երրորդ նախագահի անունը ցուցակում չի լինելու, հետեւապես ընտրությունների ժամանակ ինքը չի գլխավորելու նախընտրական ցուցակը։

Նրա փոխանցմամբ՝ կուսակցությունը դեռ չի քննարկել իրենց նախընտրական ցուցակը՝ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

«Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետևաբար` մենք բոլորս մասնակցում ենք այդ պրոցեսին: Ինչպես հայտնել ենք, ընտրություններին գնալու ենք «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով: Նպատակը մեկն է` անել ամեն ինչ դավաճան, կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելու համար: Ինչ վերաբերում է ընտրացուցակին, մենք այն դեռ չենք քննարկել: Ամենակարևորն այն է, որ մեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել