Ֆրանսիական Le Monde պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյին։

Ներկայացնենք հոդվածը ստորեւ.

«2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարը ավելի ու ավելի շատ է ենթարկվում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան է մեղադրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր վերաբերմունքի համար, որտեղ երկիրը ծնկի եկավ Ադրբեջանի առջև:

Բավական է պարզապես ասել նրա անունը, որպեսզի տեսնեք, թե մարդիկ ինչպես են խոժոռվում:

«Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, ես նյարդայնանում եմ», - զգուշացնում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես գրեթե ցանկանում եմ հեղաշրջում լինի, որ նա հեռանա», - խոստովանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ», - հառաչում է երրորդը:

Հայաստանի վարչապետի մասին հարցին` նրա նախկին գործընկերների կամ նախկին համախոհների արձագանքները հաճախ նույնն են: Սովորաբար տևում է երկար, ճնշող լռություն, ապա նախատինքներ՝ անթիվ, անհամար։

«Երբ սկսում ես կազմել անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես ուր կանգ առնել», - ասել է Le Monde-ի զրուցակիցներից մեկն ու սկսել թվարկել իր բողոքները։

Երեկ «թավշյա հեղափոխության» հերոս,  45-ամյա Նիկոլ Փաշինյանը, նրանց կարծիքով, դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի դեմ ծանր պարտությունից հետո»,-գրում է պարբերականը:

Բնակչությունը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմը ստորագրելու համար՝ զգալի տարածքային կորուստները, ինչպես նաև ռազմաճակատում զոհված մոտ 3500 զինվորներ, որոնց մեծ մասը երիտասարդներ: Հակամարտության ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են պատերազմի դաշտում անհետացած իրենց սիրելիների մասին լուրերին, 74 բանտարկյալներ շարունակում են մնալ Բաքվի ձեռքում, Լեռնային Ղhարաբաղի և հարակից տարածքների հազարավոր բնակիչներ դուրս են մղվել իրենց տներից՝ մինչ տնտեսական ճգնաժամը հարվածում է երկրին: Ապշած, զզված` երեք միլիոն հայերը փորձում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցին այստեղ:

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, նրանց հավաստիացնում էր, որ հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ դա ոչինչ էր, և որ նրա հաղթական ելույթները կապ չունեին մարտական գործողությունների իրականության հետ:

Այսպիսով, այդ ժամանակվանից անընդհատ նույն ուղերձն է կրկնվում. «Նիկոլը դավաճան է և պետք է գնա»: Ասվում է, որ նախագահը, եկեղեցին, ընդդիմությունը, այնուհետև զինվորականները կոչ են արել հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նշվում է, որ Փաշինյանն ակնկալում է իր աջակիցների աջակցությունը՝ նվազած, բայց հավատարիմ, բնակչության մոտ 20%-ը, արտահերթ ընտրությունների հեռանկարում, որը նախատեսված է հունիսի 20-ին:

«Երբ զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը փետրվարի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց, վարչապետը պատասխան հարված է հասցնում նրանով, ինչ նախընտրում է և ամենալավը գիտի՝ փողոցի իշխանությամբ:

Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են նրան հետ համոզել, բայց իզուր. մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

«Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ քանի որ ժողովուրդը այդպես որոշեց», - գոռում է նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, մինչ թատերականորեն ավելացնում. «թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել