Հաշվի առնելով իշխող ուժի շտապողականությունը Արտակ Դավթյանին րոպե առաջ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում՝ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելուց» նրանք ղեկավարվեցին «5+3» բանաձեւով (ինչքան էլ դրա հետ համաձայն լինեմ կամ չլինեմ), ուստի՝ իրենց «խրախճանքը» պետք է առնվազն մինչեւ մարտի 20-ը հետաձգեն։
Ինչ է ենթադրում «5+3» բանաձեւը.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 11-ին, առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։
Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:
Այնուհետեւ՝ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։
Հետեւաբար՝ «5+3» բանաձեւով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին եւ մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել