Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և փաստաբան մեր հայրենիքի վրա եկած այս աղետից ազատվելու իրավական ճանապարհներն եմ տեսել և համախոհներով փորձել ենք մեր փոքրիկ լուման ներդնել այդ գործում:
Մասնավորապես՝
Ա. Ավելի քան 700 փաստաբաններով պահանջել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Բ. Փաստաբաններս երթով ուղևորվելով դեպի Ազգային ժողով և ՀՀ գլխավոր դատախազություն ցույց ենք տվել ճանապարհը՝
1) ԱԺ պատգամավորներին ներկայացվել էր ռազմական դրությունը վերացնելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու գրավոր պահանջ: Պառլամենտական կառավարման ձև ունեցող երկրում օրենքով չարգելված ճնշումները պետք է կիրառել պատգամավորների նկատմամբ:
2) ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է քրեական հետապնդում հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Գ. Մի քանի փաստաբանով 29.12.2020թ. հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան (ՎԴ/11029/05/20) ընդդեմ ՀՀ ՊՆ-ի և ԶՈՒ գլխավոր շտաբի, խնդրելով ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼ պաշտպանության նախարարությանը, ի դեմս նախարարի, և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին, ի դեմս շտաբի պետի, ԱՊԱՀՈՎԵԼ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, այդ թվում՝ առանց միջազգայնորեն ճանաչված պատշաճ գործընթացների (ներառյալ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի) ՉԶԻՋԵԼ և ՊԱՀՊԱՆԵԼ Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմաններին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից 28.12.2020 թվականի դրությամբ փաստացի զբաղեցված դիրքերը և տարածքները:
Դատարանից խնդրել ենք նաև որպես հայցի ապահովման միջոց արգելել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանձնել կամ զիջել Ադրբեջանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմաններին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից 28.12.2020թ. դրությամբ փաստացի զբաղեցված դիրքերը և տարածքները:
(դեռ լուր չունենք դատարանից և այս մասով առանձնապես լավատես չենք)
Դ. Հարցումներ են կատարվել վարչապետի աշխատակազմ՝
- պահանջվել է տեղեկացնել 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում որքան անձ է մահացել, ինչպես նաև նույն ժամանակահատվածում որքան անձ է մահացել (զոհվել), անհայտ կորել, գերեվարվել և վիրավորվել ռազմական գործողությունների արդյունքում:
- պահանջվել է անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Միաժամանակ առաջադրվել են այլ հարցեր:
…………………………………………………………………………..
Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնատար անձանց խնդրում եմ իրենցից կախված օրինական միջոցներով ամեն ինչ անել, որպեսզի ԱԶԳ-ն իրավական ճանապարհին այլընտրանք չփնտրի: Պաշտոնյաների անգործության դեպքում դա անխուսափելի է լինելու:
Հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների հռչակագիրը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար կարևոր իրավունքի աղբյուր հանդիսանալով, իր նախաբանում հստակ հայտարարել է, որ հռչակագիրն ընդունվել է նաև «նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐԴԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՉԼԻՆԻ ԴԻՄԵԼՈՒ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՆՇՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ` ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑԻ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել