Որո՞նք էին Արցախի առաջին ու երկրորդ պատերազմի տարբերությունները:
Բերեմ մի քանի օրինակ:
1. Էն ժամանակ կար ընդգծված գաղափարայնացված ռազմական առաջնորդ` Վազգեն Սարգսյանը, որը նաև ակտիվ հանրային կերպար էր: Էդպիսի ռազմական առաջնորդ հիմա չկա/չկար:
2. Էն ժամանակ պատերազմը հաղթել է, պատերազմի հիմնական ծանրությունն իր վրա վերցրել է ոչ թե բանակը, այլ կամավորական խմբերը: Կամավորական նշանակում է գաղափարայնացված, մոտիվացված ռազմիկներ:
Հիմա էլ էն ճակատներում, որտեղ իրավիճակը նախապես կազմակերպված կամավորական, գաղափարական խմբերի վերահսկողության տակ էր, նահանջ չենք ունեցել: Օրինակ՝ ՈՄԱ-ի ճակատը, Դաշնակցության ջոկատների բնագծերը և այլն:
Ի՞նչ արվեց առաջին պատերազմից հետո 25 տարիների ընթացքում, որ նման գաղափարականացված կամավորական խմբերը զարգանան: Ոչինչ: Հակառակը, պետականորեն մեդիայով ու այլ ռեսուրսներով ամեն ինչ արվեց եղածն էլ քայքայելու ուղղությամբ: Պետական քաղաքականության կամ այդ քաղաքականության բացակայության արդյունքում հայրենասիրությունը վերածվեց պաթոսի, խեղկատակության, հումորի:
3. Առաջին պատերազմի ժամանակ ռազմական ուղղությունների, օպերացիաների ղեկավարներ նշանակվում էին հիմնականում այլ երկրներում մեծ ռազմական փորձ ունեցող զինվորականների: Հիմնականում խորհրդային բանակի բարձրաստիճան սպաների էին բերում: Օրինակ՝ Քրիստափոր Իվանյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Մոնթե Մելքոնյան, Գուրգեն Դարիբալթայան, Բասենցի Ազոյան և այլն, ցուցակը մեծ է: Էս մարդիկ հա՛մ մոտիվացված էին, հա՛մ էլ ռազմական ոլորտում մեծ ինստիտուցիոնալ փորձ ունեին:
Իսկ հիմա ովքե՞ր էին մեր ռազմական ղեկավարները՝ սկսած գնդի հրամանատարներից, շտաբի պետերից ու ավելի բարձր: Հիմնականում Վ. Սարգսյանի ռազմական ակադեմիան ավարտած կադրեր: Իսկ ովքե՞ր էին գնում ռազմական ակադեմիա սովորելու: Հիմնականում անապահով ընտանիքներից, որոնք սպա դառնալով սոցիալական խնդիր են ուզում լուծել: Իսկ Վ. Սարգասյանի ակադեմիան սարսափելի վատ է կատարել իր խնդիրը, քանի որ գաղափարական սպաների տոկոսը շատ ցածր է, շատ: Պլյուս գրագիտության մակարդակը: Որ մեր ռազմական կրթությունը հիմնական աքիլեսյան գարշապարն է, ես հասկացել էի իմ ծառայության ընթացքում, ցավոք, բան չկարողացանք փոխել:
Սրանք շատ համառոտ էն նախապայմանները, որոնք նախորդ հաղթական պատերազմում ունենք, իսկ հիմա չկար: Հետո էլ կասենք՝ փորձից պետք է սովորենք: Ոչ մի բան էլ չենք սովորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել