Հրապարակային մտորում՝ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության վճռորոշ հանրահավաքից առաջ։

Ինչո՞ւ է այս հանրահավաքը վճռորոշ։ Քանի որ ընդդիմադիր 17 կուսակցությունների ֆորմատը ներկայացրեց անցումային կառավարության ղեկավարի իր թեկնածուին, ու Վազգեն Մանուկյանը պետք է հանրահավաքի ժամանակ ներկայացնի անցնցում իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»։ Անշուշտ, սա ոգևորիչ է լինելու մեր հանրության մի զգալի հատվածի համար, ովքեր, միանշանակ, այն կարծիքին են, որ Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, բայց չէին տեսնում դրան հասնելու գործնական քայլեր, իսկ հիմա կտեսնեն ու ավելի ակտիվ կերպով կներգրավվեն այդ պրոցեսին, քանի որ 17-ի ֆորմատն, ըստ էության, իր վրա է վերցրել միակ ընդդիմադիր ուժի դերը, որը պայքարում է այս ապիկար վարչակազմի հեռացման գործը։ Դա կարևորվել է նաև նրանով, որ սա սոսկ արտախորհրդարանական ձևաչափ չէ, քանի որ նրա առանցքային մասնակիցն է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ուստի սա պայման է ստեղծելու, որպեսզի էլի տարբեր արտախորհրդարանական ուժեր միանան այս ձևաչափին։

Հանրահավաքը վճռորոշ է նաև նրանով, որ ոմանց կարծիքով Վազգեն Մանուկյանն իրենց «սրտի թեկնածուն» չէ, ու կարող են չմիանալ շարժմանը։ Մի քանի կուսակցություններ, որոնք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո չեն կարող մաս կազմել իշխանությանը, քանի որ նախաձեռնությունն անցել է 17-ի միավորմանը, իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ կարող է և չհայտնվեն խորհրդարանում, ուստի փորձելու են պայքարել ընդդիմադիր իրական ուժի՝ 17-ի միավորման դեմ, դրանով անուղղակիորեն սատարելու են Փաշինյանին։ Համով սուտ լսելու մեծ փորձ ունեցող մեր որոշ հայրենակիցներ դեռ մի որոշ ժամանակ էլ կշարունակեն լսել Փաշինյանի ստերը, ու եթե անգամ հիասթափվեն նրանից, ապա փնտրելու են հաջորդ համով սուտ խոսողին ու այս կարգի մարդիկ էլ կարող են դեռ չմիանալ Ազատության հրապարակի հավաքին, քանի որ այնտեղ լսվելու են միայն դառը ճշմարտություններ, առաջարկվելու են ցավոտ լուծումներ։ Չէ՞ որ անփորձ ու ապաշնորհ հեղափոխականների պատճառով ու նաև պանդեմիայի, արդեն մեր տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին, պատերազմն էլ քայքայեց եղածն էլ, հիմա մեր ռազմաարդյունաբերական համակարգը պետք է վերականգնել, բայց արդեն 21-րդ դարի զինտեխնիկայով ու տեխնոլոգիայով, իսկ դա հսկայական ծախսեր են։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք էինք տարածքներ վերցրել թշնամուց, դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ հիմա պարտության արդյունքում մեր ունեցվածքն է մնացել թշնամուն։ Բացի այդ, Վազգեն Մանուկյանի ձևավորվելիք կառավարությունը գործելու է ընդամենը մեկ տարի, ուստի շատերը չեն շտապելու թևերները քշտած ներդրումներ անել ու սերտորեն աշխատել ժամանակավոր կառավարության հետ։

Այս բոլոր կողմ ու դեմ քայլերը պետք է ծանրութեթև անել ու հնավարինս մեծ քանակությամբ մասնակցել հանրահավաքին, որպեսզի տեսնենք ոչ միայն քանակ, այլև որակ, քանի որ ներկաներն իրենց մասնակցությամբ հավանություն են տալու անցնցում իշխանափոխությանն ու մեր երկրի զարգացման ծրագրին։ Սա չպետք է լինի սոսկ 17-ի կուսակցականների հավաք, սա հո «ֆլեշմոբ» չէ, որ միայն թիմակիցների ուժերով կազմակերպվի, սրա համար ուղղակի անհրաժեշտ է հանրության ակտիվ մասնակցությունը։ Չէ՞ որ իշխանությունները հենց սա են շահարկում, թե 17-ի պայքարը հանրային լուրջ աջակցություն չի ստանում։ Փաստորեն աշխարհասփյուռ հայությունը գլխիկոր է քայլում ամենուր, քանի որ ամենուր հանդիպում են թուրքերի ու ադրբեջանցիների հեգնական հայացքներին ու բացականչություններին, կարելի է ասել, որ արտերկրի  մեր հայրենակիցների համար հիմա ավելի դժվար է, քան մեզ համար, քանի որ մենք մեր երկրում թուրքի ու ադրբեջանցու հետ չենք շփվում, ուստի համայն հայությունն է պահանջում Փաշինյանի հրաժարականը, ու եթե ցանկանում ենք, որ Հայաստանը իրավամբ ընկալվի համայն հայության հայրենիք, չպետք է անտեսենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցների դիրքորոշումը։

Ուստի ինչպես ասվում է, մեկ մարդու պես պետք է լցվել Ազատության հրապարակ՝ ահել ու ջահել, այր ու կին, հավատացյալ ու աթեիստ։ Ու պետք է նկատի ունենալ, որ սա ընդդեմ Փաշինյանի չէ, այլ՝ հանուն մեր երկրի զարգացման, ինչի ճանապարհին ընդամենը խոչընդոտ է վարչապետը, որին պետք է ճանապարհից հեռացնել ու լայն թափով առաջ շարժվել։           

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել