Երեկ երեկոյան Կապիտուլիացիայի աղետալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական ինքնարդարացման (իսկ իրականում՝ ինքախոստովանական) գրառմամբ։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարները նրան հորդորել են դադարեցնել պատերազմը, որից հետո նա այդ հարցով դիմել է ՌԴ նախագահի միջնորդությանը։

Այս միջնորդության արդյունքում թշնամական կողմը, թեև մարտի դաշտում արդեն ակնհայտ առավելություն էր ձեռք բերել, և այդ օրը հարավային ճակատում հասել էր Իշխանաձոր և Կովսական, պատրաստ է եղել դադարեցնել ռազմական գործողությունները՝ փոխարենը պահանջելով, որ հայկական կողմը երաշխավորի ազերի բնակչության վերադարձը Շուշի (որը, սակայն, մնալու էր հայկական կողմի ենթակայության տակ)։ Միայն իրեն հայտնի նկատառումներով պրն Փաշինյանը մերժել է այս միջնորդությունը, և փաստացի, ի հեճուկս սեփական ռազմական ղեկավարության հորդորների և Արցախի ղեկավարության դիմումի՝ դադարեցնելու պատերազմը, որում այլևս հաղթելու հեռանկարներ չէին նշմարվում, միանձնյա որոշում է կայացրել այն շարունակելու։ Արդյունքում երեք շաբաթ անց, երբ պատերազմը նույն ռուսական կողմի միջնորդությամբ ի վերջո դադարեցվեց, մենք ստացանք զինադադարի անհամեմատ ավելի վատ պայմաններ՝ հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր նոր զոհեր, բազմաթիվ նոր ավերածությունները, և արդեն անմիջական ագրեսիայի վտանգ՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին։

Այս կապակցությամբ ես պարոն Փաշինյանին ընդամենը մեկ հարց եմ ցանկանում ուղղել․ Դուք վերջապես ընդունեցիք, որ միանձնյա որոշում եք կայացրել հոկտեմբերի 19-ին շարունակել պատերազմը, և այդ որոշումը երեք շաբաթ անց հանգեցրել է աղետալի արդյունքների։ Ժամանակը չէ՞ արդյոք, որ Դուք՝ որպես 888 հազար ընտրողների քվեով ընտրված քաղաքական ղեկավար, պատասխանատվություն ստանձնեք հենց այդ ընտրողների առաջ, Ձեր մեկ որոշմամբ նրանց այդպիսի աննկարագրելի կորուստներ պատճառելու համար, և խոնարհաբար հրաժարական տաք Ձեր կողմից զբաղեցրած պաշտոնից։

Հետագայում կարող եք ինքնաարդարացման բազմաթիվ նոր գրառումներ կատարել, հիմնավորել Ձեր գործողությունները կամ անգործությունը, մեղադրել, ում ասես (կարող եք ինձ էլ մի ինչ-որ բանում մեղադրել և նորից բերման ենթարկել ԱԱԾ)․ համոզված եմ՝ մեր երկրում Դուք միշտ կունենանք ինչ-որ լսարան, որը պատրաստ կլինի հալած յուղի տեղ ընդունել Ձեր ցանկացած արդարացում և նույնիսկ նորից քվեարկել Ձեր օգտին։ Հիմա, սակայն, ժամանակն է, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր իսկ միանձնյա ընդունած, և այդպիսի մանրամասնությամբ Ձեր իսկ կողմից ներկայացված ճակատագրական որոշման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել