ԱԺ խորհուրդն իր նիստում որոշում կայացրեց դադարեցնել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորություններն ու դիմել ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար։ Կողմ են քվեարկել միայն ԱԺ խորհրդի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Շատերը կասեն, թե սա հաշվեհարդար է ընդդիմախոսի նկատմամբ, ով Փաշինյանի հրաժարականն է պահանջում, բայց դա պարզունակ բացատրություն է և հարցի ընդամենը մի կողմը։
Նիկոլ Փաշինյանն առանց դիմադրության հանձնեց այն ամենը, ինչ իրենից ուզեց Ադրբեջանը, ինչին համաձայնվեց Թուրքիան, այլապես պատերազմը կշարունակվեր, ինչը լիովին ձեռնտու էր Ռուսաստանին, քանի որ Թուրքիան գոհ է, Ադրբեջանը գոհ է, շատ արցախցիներ գոհ են, քանի որ խուսափեցին բնաջնջումից, Հայաստանում շատերը գոհ են, քանի որ պատերազմը դադարեց, ու իրենք փրկվեցին, արդյունքում մենք կորցրինք հազարավոր մեր առյուծ տղերքին, ունենք տասը հազարին հասնող վիրավորներ, որ չգիտենք, թե նրանցից քանիսն այդպես էլ չեն ապաքինվի, կորցրինք տարածքներ, մեր երկրի տնտեսությունը քայքայվեց, ու ամբողջությամբ կորցրինք մեր հպարտությունը, որը պետք է հիմնական շարժիչ ուժը լիներ մեր երկիրը շենացնելու ու ամեն քարութուփի վրա դողալու։ Այո՛, Ռուսաստանը չկորցրեց տարածաշրջանի ավագի դերը՝ վերը թվարկածս հանգամանքներով պայմանավորված։ Ու այս ամենի ֆոնին Փաշինյանը, ճնշումներ բանեցնելով Ծառուկյանի վրա, ամեն առիթով ու առանց առիթ ԱԱԾ հրավիրելով Արթուր Վանեցյանին, հասկացնում է, որ այսօր Հայաստանի թիվ մեկ ռուսամետն ինքն է։ Եվ ոչ միայն երաշխիք է ստացել, որ մինչև վերջ կյանքի կկոչի այս խայտառակ կապիտուլյացիոն ակտը, այլև դրա իրականացման ճանապարհին ում ուզի, կպատժի, անգամ ամենաթունդ ռուսամետ գործչի համարում ունեցողին։ Այսինքն՝ Փաշինյանն ուզում է հստակեցնել, թե՝ մոռացեք, որ Ռուսաստանում իրեն չէին վստահում, հիմա էլ չեն վստահում, բայց պահում են, քանի որ ոչ միայն ռուսամետների շրջանում, այլև ցանկացած հայի՝ ահել թե ջահել, կին թե տղամարդ, քրիստոնյա թե աթեիստ, չէր գտնվի մեկը, որ կարող էր համաձայնվել նման ստոր քայլի՝ հանդեպ մեր երկրի ու ազգի։ Բայց Փաշինյանը մոռացել է, որ հենց ինքն է ապացուցել աշխարհին, որ ով ուզում է դրսից աջակցել Հայաստանի ղեկավարին, ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց ու տապալել նրան, ու հաղթողն էլ որպես «բոնուս» ստանա Հայաստանի ղեկավարի գահը։ Այսինքն՝ ինքը դեռ պաշտոնավարում է ոչ թե այն պատճառով, որ ունի աջակցություն դրսից՝ ՌԴ, Թուրքիա ու Ադրբեջան, այլ նաև այն պատճառով, որ իր աջակիցների մի մասը դեռ նախկինների հետ է կռիվ տալիս, ուզում է մի ճակատամարտում գոնե հաղթել, ու այդ ճակատամարտը «ներքին թուրքն» է։
Փաստորեն, թուրքին այդքան բան զիջողը «ներքին թուրք» չի, այլ դրա դեմ պայքարո՞ղը։ Բայց պետք է հաշվի առնել, որ թուրք-ադրբեջանական զույգը շտապում է խոստացվածը հնարավորինս շուտ ստանալ։ Այսինքն, եթե տեսականորեն պատկերացնենք, որ Փաշինյանին հաջողվում է մնալ մինչև իր պարտավորությունների ավարտը, ապա դա ժամկետի առումով այդքան էլ հեռու չէ։ Իսկ եթե հայ ժողովրդի մի մասը, որ կարծում է, թե այնքան հզոր է, որ կարող է պաշտպանել Փաշինյանին, հիմա վիրավորվում է, երբ տեսնում է, որ վարչապետը ցույց է տալիս, թե իրենց շնորհիվ չէ պահում աթոռը, այլ դրսի հզոր հովանավորի։
Արդյունքում, Փաշինյանի երկկողմանի աջակցությունն ավարտվելու է գրեթե միաժամանակ, ու թե ինչ կլինի նրա հետ, դժվար չէ ենթադրել։ Իսկ ինքը շանս ուներ ու դեռ ունի հեռանալու անցնցում ու անարյուն, ու նաև իր թիմակիցների ափսոսանքի բացականչությունների հնչյունների ներքո։ Հեռանալ, որպեսզի օր առաջ նոր իշխանությունները սկսեն մեր վիրավոր երկրի վերքերի բուժումն ու զարգացման ծրագիր ներկայացնեն։ Գուցե այս պահին համարեն, որ իր սխալը զգացած ու ապաշխարհած Փաշինյանի հանդեպ այդքան էլ դաժան չպետք է լինել, բայց երբ նա երեսը պնդացրել ու շարունակում է իր քայքայիչ գործունեությունը, ինչի՞ վրա է հույսը դնելու հետագայում, երբ չի ունենա ոչ մի կարգի աջակցություն։
Հայ ժողովուրդն իր հավաքական կերպարով չափազանց դաժան է դառնում, երբ տեսնում է, որ իր անսահման մեծահոգությունը չարաշահվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել