Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:

Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից:

Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայիս թիրախային հարձակումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները, վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով  արմատավորված ու համակարգային հայատյացության արդյունք են:

Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին:

Պետական ու քաղաքական գործիչների հետ միասին մշակութային գործիչների, մտավորականների կողմից հայատյացություն պարունակող ելույթներն ու խոսքը նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթային մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել