Ինչպես Լիբանանում, այնպես էլ դրանից դուրս(ինչը շատ կարևոր է), կարծես, ընդհանուր քաղաքական համախոհություն է նկատվում վարչապետի նոր թեկնածուի հարցում․ քննարկվում է #Գերմանիայում #Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբի թեկնածությունը։
Հիմնական քաղաքական ուժերի հետ նախագահի պարտադիր խորհրդակցություններից հետո արդեն այսօր Միշել Աունը կարող է պաշտոնապես նշանակել Ադիբին վարչապետի պաշտոնում։ Զուգահեռաբար, սեպտեմբերի 1-ին ակնկալվում է #Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հերթական այցը Լիբանան, որից հետո կակտիվանա արդեն նոր կառավարության ձևավորման գործընթացը։

Վերոնշյալի համատեքստում, եթե #Հայաստանի և համահայկական տեսանկյունից կարևորվում է լիբանանյան գործընթաներում հայկական առավել ազդեցիկ դերակատարումը, ապա կարելի է առաջիկայում որևէ բարձրաստիճան պատվիրակություն գործուղել այդ բարեկամական երկիր։
Ըստ էության, առավել նպատակահարմար կլինի և առարկայական նշանակություն կունենա Պաշտպանության նախարարության ձևաչափով և անձամբ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խմբի այցը #Լիբանան(որը կտանի նաև հայկական հումանիտար օգնության հերթական խմբաքանակը), քանի որ արտաքին մարդասիրական աջակցության բաշխումն իրականացվում է հատկապես Լիբանանի ՊՆ-ի միջոցով։

Զուգահեռաբար, ավելորդ քաղաքական շահարկումներից խուսափելու համար այցը կարելի է ձևակերպել նաև՝ որպես աշխատանքային՝ #UNIFIL-ի՝ Լիբանանում #ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի և դրանցում հայկական զորամիավորման հետ կապված օրակարգային հարցերի քննարկման նպատակով։

Վերոնշյալի համատեքստում, հայկական պատվիրակության այցը և նրա հնարավոր բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումները մի կողմից միանշանակորեն ավելի կամրապնդեն լիբանանահայ համայնքի քաղաքական դիրքերը կառավարության ձևավորման գործընթացում, մյուս կողմից անհրաժեշտության դեպքում նաև կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել #Բեյրութի վերականգնման աշխատանքներում հայաստանյան ընկերությունների ներգրավման համար։

Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես Լիբանանում, այնպես էլ մերձավորարևելյան տարածաշրջանի այլ կետերում հայկական շահերի պաշտպանության նպատակով, ավանդական գործընկերներից՝ #Ռուսաստանից և #Իրանից բացի, անհրաժեշտ է ավելի ակտիվացնել համագործակցությունը մեկ այլ բարեկամական երկրի՝ Ֆրանսիայի հետ, մանավանդ, երբ բազմաթիվ հարցերում առկա է շահերի զգալի համընկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել