ՎԱՅՐԱՀԱՉՆԵՐԻՆ, կամ երբ քեզ թվում է, որ դու «պարտավոր ես» հայտնել քո «ԿԱՐԾԻՔԸ»

Ես ծանոթ եմ ու ընկերություն եմ անում հայ անվանի շատ մարզիկների հետ: Ինքս շատ սպորտային մարդ եմ, և սպորտն ինձ համար այն աշխարհն է, որտեղ ես կտրվում եմ ԲՈԼՈՐԻՑ և ամեն ինչից: Սակայն այնպես է ստացվել, որ երբեք Լևոն Արոնյանին չեմ հանդիպել: Մենք ծանոթ չենք, և շատ ավելի լավ այս դեպքում:

Լևոնի կերպարը ինձ մոտ ձևավորվել է որպես համեստ, զուսպ ու հավասարակշռված մարդու տեսակ: Երբեք չէր հայտնվում ոչ մի սկանդալում, շախմատային աշխարհում էլ նվաճում էր Հայաստանի և իր համար փառահեղ տիտղոսներ: Լևոնը երջանիկ ամուսնու տեսք ուներ, և կողքից էլ լսելով գիտեմ, որ շատ սիրում էր իր անժամանակ և ողբերգական ավտովթարի պատճառով հեռացած կնոջը: Աստված շիրիմին հանգստություն տա:

Իսկ հիմա, թե ինչու եմ գրում այս ամենը: Մի քանի օր է՝ համացանցում «ՀՀ պարապների և վայրահաչների» միությանը կից «ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՄ» սահմանափակ ուղեղով մարդկանց ասոցիացիան քննարկում է Լևոնի և նրա նոր ընտրյալի ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ: Դե, ախր քննարկելը ջհանդամ, էդ ասոցիացիայի պատվավոր անդամները ինչ-որ բարոյախրատական տեքստեր են գրում և Լևոնին ու իր ընտրյալին նախատում՝ նրանց ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ քթերը խոթելով:

Տիկնայք և, ցավոք սրտի, պարոնայք էլ, դուք պարտադիր պետք է այցելեք հոգեբանի: Դուք բուժման կարիք ունեք: Տնաշեններ, դուք էնքան ձեր սեփական ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ չունեք, որ քայլող դեղին մամուլի պես ուրիշների ԱՆՁՆԱԿԱՆՆ եք պղծում: ԱՄՈԹ Է: ՁԵՐ Ի՞ՆՉ ԳՈՐԾՆ Է, ԲԵՋՈՒՌԵՔ: Հանգստացեք, ստեղծեք ձեր սեփական անձնական կյանքը և զբաղվեք ի վերջո ձեզնով, ձեր երեխաներով, ձեր «գերօրինակելի» ընտանիքով: Կյանքը կարճ է ապուշ լինելու համար:

Սա չէի գրի, եթե չտեսնեի, որ թե՛ Լևոնը, թե՛ իր ընտրյալը վերջին մեկ շաբաթում ինչ-որ պարզաբանումներ են տարածել իրենց հարաբերությունների վերաբերյալ:

Սիրելի Լևոն և Անիտա․ ապրեք ձեր կյանքը այնքան գեղեցիկ, որ Արիանան, երկնքից նայելով, իմանա, որ Լևոնը ապահով ձեռքերում և սրտում է: Ես վստահ եմ, որ սիրող մարդը միշտ էլ կուզենար, որ իր սիրելին երջանիկ լինի: Երջանիկ եղեք:

Հ.Գ. Լևոն ջան, բայց մի տեսակ նոր չեմպիոնության մի քիչ երկար սպասեցինք, դու դրան էլ գազ տուր: Լավ էղեք:))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել