Antifake.am-ը գրում է․

Այն ժամանակ, երբ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձել են գործազուրկ և առկա է հայ-ադրբեջանական սահմանային լարվածություն, որի հետևանքներն անկանխատեսելի են, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ամենի պիկին շարունակում  է շռայլորեն պարգևատրել քաղաքապետարանի ղեկավար կազմին։

Հայկ Մարությանը հուլիսի 13-ի 700-Ա կարգադրությամբ պարգևավճարներ է բաժանել Երևանի քաղաքապետարանի 122 աշխատակիցների և բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին, ընդհանուր՝ 57.133.217 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 120.000 ԱՄՆ դոլարին։

Պարգևատրումների չափը տատանվում է 100 հազարից մինչև 840 հազար դրամ։ Պարգևատրվող աշխատակիցների մեջ են գլխավոր մասնագետները, բաժնի պետերը, վարչությունների պետերը, քաղաքապետի օգնականները, խորհրդականներն ու տեղակալները, տեղակալների օգնականները, որոշ վարչության պետերի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարը, մամուլի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը։

840 հազար դրամի չափով պարգևատրվել է 8 աշխատակից՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը (ամբողջական ցուցակն՝ այստեղ): Բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ թվով 12 հոգի, ևս պարգևատրվել են 840 հազար դրամի չափով։ Քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը պարգևատրվել են 480 հազար դրամի չափով։

Կարգադրության մեջ նշվում է, որ 2020 թվականի պարգևավճարների ֆոնդից 100 միլիոն դրամ փոխանցվելու է համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում Երևանի քաղաքապետարանում հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 276.530.000 դրամ, որը համարժեք է 572.500 դոլարին։

AntiFake.am-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվում պարգևավճարների վերաբերյալ բոլոր կարգադրությունները, ուստի՝ հրապարակային տեղեկատվությամբ հնարավոր չէ հասկանալ քաղաքապետարանում բաժանված պարգևավճարների ընդհանուր չափը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել