Politik.am-ը գրում է․

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժեի Ազգային կուսակցության վարչությունը հատուկ հայտարարություն է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանում կատարվող պատերազմական գործողությունների կապակցությամբ: Ավանդական ազգային «Ճերմակ» իշխող կուսակցությունը կոչ է արել երկու կողմերին հարգել միջազգային պայմանավորվածությունները և խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հիմնված ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի վրա:

Իր հերթին, իշխանության մաս կազմող մյուս ավանդական «Կոլորադո» կուսակցության գործադիր կոմիտեի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ մերժվել են, և կոչ է արվում դադարեցնել պատերազմական հռետորաբանությունը և բանակցությունների միջոցով հասնել խաղաղության: «Կոլորադո» կուսակցությունը, որն իշխել է Ուրուգվայում ավելի քան մեկ դար, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին, ով իրավունք ունի ազատության և խաղաղության պայմաններում իրագործել իր ինքնիշխանությունը:

Ընդդիմադիր ձախակողմյան «Ժողովրդական միավորում» կուսակցությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ ադրբեջանական այս հարձակումները լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ են պարունակում մի տարածաշրջանում, որտեղ մշտապես անկայունություն է տիրում: Հայ ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու, և չպետք է մոռանալ, որ ամբողջ մարդկությունը պարտք ունի հայ ժողովրդի հանդեպ, որի դեմ իրագործվել է ցեղասպանություն անցյալ դարի սկզբին, նշում է «Ժողովրդական միավորում» կուսակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել