Իսրայելցի վերլուծաբան և այդ երկրի վարչապետի նախկին խորհրդական Էյդի Քոհենն իր թվիթերյան էջում արաբերեն լեզվով հետաքրքիր գրառում է կատարել:

Քոհենը գրում է. «Ով իրանցիներ, ազատախոհ պարսիկներ, եթե ձեր հեղափոխությունն աճել ու ընդլայնվել է, և դուք շարունակում եք ցույցեր անել... ամերիկյան ղեկավարությունը ձեզ հետ է և ձեզ պաշտպանելու համար պատրաստ է շարժելու (Պարսից) ծոցում ու Կասպյանում գտնվող իր ռազմական ինքնաթիռները մինչև 79 թվականին իշխանության եկած սև ագռավ մոլլաների կործանումը: Այս առիթը չի կրկնվելու»:

Հիշյալ հայտարարությունը կարող էր թվիթերյան պարզ գրառում համարվել, եթե դրա հեղինակը չլիներ Էյդի Քոհենը, որին համարում են Իսրայելի անվտանգության ծառայությունների ոչ պաշտոնական խոսնակը:
Թեև Էյդի Քոհենի ոչ բոլոր կանխատեսումներն են իրականություն դառնում, սակայն չպիտի մոռանալ, որ հուլիսի սկզբին Իրանի Նաթանզում գտնվող միջուկային կառույցների դեմ հարձակումից մեկ օր առաջ Քոհենը թվիթերյան մի գրառման մեջ արդեն տեղեկացրել էր այդ հարձակման մասին:

Էյդի Քոհենի գրառումը հատկապես ուշագրավ կարող է համարվել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի զարգացումների ֆոնին:

Օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ հակահայկական կարգախոսների կողքին հնչեցվել են հակաիրանական ու հակառուսական կարգախոսներ: Դրան զուգահեռ ակտիվացել են պանթուրքիստական խմբերը: Հիշյալ խմբերը վերջին օրերին այսպես կոչված «հարավային» Ադրբեջանի իրենց հայրենակիցներին կոչ էին արել մասնակցել հինգշաբթի օրն Իրանի հյուսիսարևմտյան մի շարք քաղաքներում ու նաև Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց նախատեսված ցույցերին ու հանրահավաքներին, որոնց նպատակն էր դատապարտել այսպես կոչված «հայկական ագրեսիան»: Ինչպես կարելի էր կռահել, կոչը որևէ ընդառաջում չգտավ:

Էյդի Քոհենն իր գրառման մեջ ակնարկ է կատարում ինչ-որ ցույցերի ու նաև «Կասպյան»-ից թռչող ինքնաթիռների մասին: Նաթանզի միջուկային կառույցների դեմ հարձակման մասին իր գրառման մեջ էլ Էյդի Քոհենը նշել էր, որ հարձակումը կատարվել է (Պարսից) ծոցի մի երկրում վառելիք ստացած իսրայելյան ինքնաթիռների միջոցով: Նույն ժամանակ իրանական շրջանակներում լուրջ քննարկման թեմա դարձավ այն հարցը, որ հիշյալ հարձակումն իրականացվել է իսրայելյան «Էֆ 35» տեսակի ռազմական ինքնաթիռների միջոցով, որոնք հիմք ընդունելով՝ ռուսական ռադարների կատարած արձանագրումներն իրենց գործողությունն իրականացրել են՝ օգտվելով Ադրբեջանի օդային տարածքից, ինչը հերքվեց Ադրբեջանի կողմից:

Արդյոք որևէ տրամաբանական կապ կարելի՞ է գտնել Էյդի Քոհենի վերջին գրառման և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման միջև: Արդյո՞ք այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, կարող է տարածաշրջանում իրականացվող մեկ այլ մեծ նախագծի նախաբանը լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել