Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում է համաճարակին հաղթահարելու նպատակով սահմանված կանոնների խախտմանը վերաբերող պատկերներ: Դրանք վարչապետի կողմից հայտարարված «Հանրային վերահսկողության» ֆլեշմոբի շրջանակներում արձանագրվում և վարչապետին են տրամադրվում քաղաքացիների միջոցով: Անկախ նրանից, թե ինչ նպատակի է ծառայում իրականացվող պրոցեսը, և որքան արդար ու կարևոր է հետապնդած նպատակը, լուրջ կասկած կա, որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Իհարկե, հանրային վայրերում լուսանկարում կամ նկարահանում իրականացնելն օրենքով արգելված չէ, սակայն իրավիճակը փոխվում է, եթե դա կատարվում է «հսկում» իրականացնելու նպատակով, որի հետ կապված օրենքները կարգավորում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու դրա հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը»:

Նույն ուղեցույցի համաձայն՝ «Տեսահսկման համակարգը տարածքի, միջոցառման, գործունեության կամ անձի տեսա-ձայնահսկումն է էլեկտրոնային սարքավորման միջոցով»: Քաղաքացիների կողմից լուսանկարումը կամ պատկերահանումն իրականացվում է բջջային հեռախոսի միջոցով, ինչը համարվում է է «էլեկտրոնային սարքավորում»: Միևնույն ժամանակ վարչապետի կողմից պրոցեսին տրվել է «վերահսկողության» ձևակերպումը: Հիմք ընդունելով ուղեցույցում տեղ գտած բացատրությունն ու նաև վարչապետի ձևակերպումը՝ այն, ինչը որ իրականացվում է քաղաքացիների կողմից, համարվում է «տեսահսկում» և ենթակա է այդ կապակցությամբ օրենքին և ուղեցույցին:

Ըստ վերը հիշատակված օրենքի և համապատասխան ուղեցույցի՝ արձանագրված պատկերը կարող է անձնական տվյալ համարվել, եթե «հնարավոր է նույնականացնել տեսագրության մեջ երևացող անձի դեմքը (ուղղակի նույնականացում) կամ անհնար է նույնականացնել անձի դիմային առանձնահատկությունները, բայց տեսանկարահանված անձի ֆիզիկական կամ վարքագծային առանձնահատկություններն այլ տվյալի հետ համեմատելով՝ հնարավոր է նույնականացնել անձին (անուղղակի նույնականացում)»: Հետևելով վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատկերներին՝ կարելի է հաստատել, որ դրանց խոշոր մասը տեղավորվում է հիշյալ բացատրության շրջանակներում և համարվում է անձնական տվյալ, ինչը նշանակում է՝ դրանց մշակման ու հրապարակման կարգը նույնպես պիտի տեղավորվի հիշյալ օրենքի և ուղեցույցի շրջագծում:

Նույն օրենքը տեսահսկման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքում, երբ «այլ եղանակներով անհնար է հասնել հետապնդվող նպատակին, կամ պահանջվում են անհամաչափ ջանքեր»։ Հարց է ծագում, թե արդյո՞ք կառավարությունը սպառել է ժողովրդին կարգի հրավիրելու իր բոլոր հնարավորությունները:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուրն ունի իր անձնական տվյալների մշակման մասին տեղեկություն ստանալու իրավունք: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի ստանալու տեղեկություն իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի և նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի և տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնց կարող է փոխանցվել իր տեսագրությունը։ Նույն կապակցությամբ «Տեսահսկման ուղեցույց»-ում նույնպես «Բարեխղճության սկզբունք» գլխում ընդգծված է․ «Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին»: Կասկածից վեր է, որ վերջին օրերին իրականացվող հասարակական վերահսկման դեպքում չեն հարգվել օրենքի պահանջները:

Միևնույն ժամանակ «Տեսահսկողը պարտավոր է տեսանկարները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար»: Օրենքի հիշյալ պահանջը նույնպես խախտվել է, երբ դրանք սկսել են հրապարակվել վարչապետի ֆեյսբուքյան էջում, որին հետևում է 820 հազար մարդ, և պատկերներից որոշներն ունենում են ավելի քան տասնյակհազարավոր դիտում:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ անտեսելով Արդարադատության նախարարության համապատասխան գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, բացատրելով անձնական տվյալը, դա համարում է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Հետևաբար հրապարակված պատկերներն առանց որևէ առարկության համարվում են անձնական տվյալներ և պաշտպանված են օրենքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել