ԱԺ-ում հերթական հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որն այսօր ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է:

Ցանկացած խոհեմ ու արդար մարդ կարող է հաստատել, թե որքան ցինիկ ու անիմաստ է սեփական երկրի 30-ամյա արտաքին քաղաքականության հասցեին երկրի ղեկավարի հնչեցրած նման վիրավորական հայտարարությունը:
Հիշենք, որ նույն այդ «Ճ» կլասի արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի իշխանություններին հաջողվել է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա միաժամանակ ամենասերտ հարաբերություններն ու տնտեսական համագործակցություններն ունենալ միանշանակ տարբեր բևեռներում գտնվող պետությունների ու կառույցների հետ, անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ նաև համագործակցության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, Իրանի դեմ պատժամիջոցների ամենածանր պայմաններում պահպանել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները՝ միաժամանակ վայելելով ԱՄՆ-ի հարգանքը: Նույն այդ «Կներես, մի խփեք մեզ» արտաքին քաղաքականության շնորհիվ առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչ տարրն, ու այդ մասին հայտարարվեց ՄԱԿ-ի ամբիոնից: Բոլորս հիշում ենք Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին Պապի կողմից մատուցված պատարագը: Ի վերջո նույն այդ արտաքին քաղաքականության շնորհիվ տարիներ շարունակ հնարավոր է եղել պայքարել ադրբեջանական նավթային դոլարների ու խավիարային դիվանագիտության դեմ ու մի թիզ հող չզիջել:

Երևի թավշյա իշխանությունների ստեղծած արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱՄՆ կատարած երկու մեծածախս այցերի լավագույն արդյունքը մինչ օրս եղել է Կալիֆոռնիայի նահանգապետի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումը կամ նախագահի մոմե արձանի հետ լուսանկարը: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ալիևի հետ հայտնի բանավեճն էլ, կարծում եմ, բոլորս հիշում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել