ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես պարզվում է ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրությունից, հեռախոսազրույցի ժամանակ «կողմերը գոհունակություն են հայտնել, որ, չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առեւտրատնտեսական համագործակցությունը»:

Հանդիպման մասին հաղորդագրություն է տեղադրված նաեւ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում, որն իր բովանդակությամբ մի փոքր տարբերվում է ՀՀ վարչապետի կայքի միջոցով կատարված տեղեկատվությունից, եւ ընդհանրապես գոհունակության մասին խոսք չկա:

Համաձայն ԻԻՀ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության՝ «կողմերն, ընդգծելով, որ Իրանն ու Հայաստանը՝ որպես հարեւան երկրներ, այս ծանր պայմաններում պիտի ավելի շատ խորհեն միմյանց մասին ու միմյանց օժանդակեն, ընդգծել են առողջապահության հետ կապված պրոտոկոլները մանրակրկիտ հարգելով ապրանքաշրջանառության ծավալները հետզհետե վերականգնելու եւ առեւտրական հարաբերությունները նորմալացնելու կապակցությամբ սահմաններում երկու երկրների պատասխանատուների ջանքերի նշանակությունը»:
Թեեւ պարբերության հայերեն թարգմանությունն առերեւույթ նորմալ է հնչում, սակայն պարսկերեն լեզվի նրբություններին գիտակ ցանկացած անձ կարող է հաստատել, որ արտահայտման հետեւյալ ձեւը «باید در این شرایط سخت بیشتر به فکر هم و یاری رسان یکدیگر باشند» (այս ծանր պայմաններում պիտի ավելի շատ խորհեն միմյանց մասին ու միմյանց օժանդակեն) պարսկերեն լեզվում ակնհայտ «դժգոհության» երանգ է պարունակում իր մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել