Ես կարող եմ լինել անվերջ տոլերանտ, բայց իրենց ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են մեր իրավունքները։

Մեր բոլորիս իրավունքերը՝ արժանավայել ապրելու և մեր երեխաներին փոխանցելու այնպիսի երկիր, ինչպիսին մենք երազում ենք և ինչպիսին մենք ստացել ենք՝ հավատքով, հարգանքով, ընտանիքով և գեղեցիկ ավանդույթներով։

Ցավոք, ավելի և ավելի է հաստատվում համոզմունքն առ այն, որ այսօր թիրախավորված են մեր հավաքական ուժն ու միասնականությունը՝ եկեղեցին, բանակը, ընտանիքը, մշակույթը, լեզուն, պատմությունը...

Վեհափառ հայրապետի նկատմամբ թմբիր մտած արշավը կարծես նոր թափ է հավաքում՝ սպասելի էր։

Օրեր առաջ տարածվեց մի տեսանյութ, որտեղ զինվորական համազգեստի, մի երիտասարդի ու ծիածանագույն դրոշի համադրությունը ցինիզմի մի գագաթնակետ էր։ Սա էլ էր սպասելի։

Ընտանեկան բալանսի խաթարմանը միտված զանազան նախաձեռնությունները դեռ օրակարգում են, սա էլ է սպասելի։

Մշակույթի նախարարությունը պարզապես օպտիմալացվեց, սպորտում՝ օտար պետության տրանսգենդեր հպատակն է մեր երկրի վարչապետի անձնական հովանավորության ներքո, նրա մասին ֆիլմին ՀՀ պետբյուջեից տրամադրվում է 20 000 000 դրամ՝ ճիշտ այնքան գումար, որքան չգտնվեց նույն ՀՀ պետբյուջեում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի համար, և այս շղթան դեռ շատ երկար կարելի է ներկայացնել։

Կանգ առե՛ք, հայեր։ Ու՞ր ենք գնում։

Այսօր, այս կարանտինի պայմաններում, մենք բոլորս մեր ընտանիքներում ենք մեկուսացած, աղոթում ենք առ Աստված՝ այս վիճակից դուրս գալու համար, ուրախանում ենք մեր երեխաներով, ուսուցողական զրույցներ վարում նրանց հետ, հոգ տանում տարեցների մասին։

Սա է մեր հասարակության մոդելը։ Յուրաքանչյուր սերունդ իր շտկումներն է մտցնում դարերի խորքից եկած մոդելում, բնականաբար կյանքն առաջ է գնում, գիտությունն ու հասարակությունը զարգանում, և իհարկե մենք ապրել և ապրում ենք ժամանակին համահունչ։ Բայց հիմնասյուներն անփոփոխ են։ Սա է ողջ գաղտնիքը։

Մեր արմատները խորն են, հայե՛ր, մեր կյանքի մոդելը՝ կենսունակ, բայց պետք է պահպանել և պաշտպանել այն որևէ ոտնձգություններից։

Աստված մեզ պահապան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել