Armdaily.am-ը գրում է․

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում տարածված մամուլի հաղորդագրության համաձայն երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր, ինչպես նաև Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնադզորի հետ արդյունավետ համագործակցության համար:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնադզորի հետ արդյունավետ համագործակցության համար:

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը»:

Ըստ էության հայկական կողմը զրույցի ողջ բովանդակության շեշտը դրել է Հայաստանին բնական գազի մատակարարման շուրջ ուղղված քննարկումների վրա, մինչդեռ ռուսական կողմն այս զրույցն այլ շեշտադրմամբ է ներկայացրել: Ուշագրավ է, որ ՌԴ նախագահականի մամուլի ծառայության պաշտոնական՝ kremlin.ru կայքի փոխանցմամբ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այստեղ խոսք անգամ չկա բեռնափոխադրումների ու հայկական գազի մասին:

ՌԴ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության որոշ արդիական հարցերի:

Համաձայնեցվել է առաջիկա շփումների ժամանակացույցը»:

Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ որպես քննարկման հիմնական թեմա ներկայացված է կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այստեղ ոչ միայն խոսք չկա Հայաստանին բնական գազի մատակարարման ու բեռնափոխադրման մասին, այլ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված երախտիքի խոսքն է այլ կոնտեքստով ներկայացված: Մասնավորապես ռուսական կողմի փոխանցմամբ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմից՝ կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու ուղղությամբ ցուցաբերվող աջակցության համար, իսկ հայկական կողմի տեքստում ասվում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնադզորի հետ արդյունավետ համագործակցության համար:

Թե որն է երկու երկրների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների մեջ նման մեծ տարբերության պատճառը՝ դժվար է ասել, սակայն փաստ է, որ երկու երկրների ղեկավարների համար զրույցի բովանդակայն մասում առաջնահերթությունները բոլորովին այլ են: Նկատենք նաեւ, որ առհասարակ, պաշտոնական քննարկումների, հանդիպումների, հեռախոսազրույցների դեպքերում, արարողակարգի կանոնների համաձայն, հրապարակվող հաղորդագրությունները, որպես կանոն, իրարից էականորեն չեն տարբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել