ԱՀ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ուշագրավ երկու հայտարարություն է կատարել:

Մասիս Մայիլյանը «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու է համարել նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից»՝ հայտարարելով, որ «պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»: Սա ամենապարզ բացատրությամբ նշանակում է հարցականի տալ առնել մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Դա՝ ի տես այն բանի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»:

Եթե նկատի առնենք այն փաստը, որ Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունների «սրտի թեկնածուն» եղել է ու շարունակում է մնալ Մասիս Մայիլյանը, ի՞նչ գնահատական պիտի տալ Արցախում ընտրությունների արդյունքների մասին Նիկոլ Փաշինյանի եւ Մասիս Մայիլյանի հակասական հայտարարություններին:

Թվում է՝ ինչպես շատ այլ պարագաներում, Արցախի Հանրապետության ընտրությունների կապակցությամբ տված իր գնահատականում նույնպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել: Նա պարզապես Պիղատոսի նման լվացել է ձեռքերը՝ նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից:

Այն, որ Արցախում հայտնի ուժերի կողմից քաղաքական լարվածություններ են հրահրվում, արդեն ակնհայտ դարձավ Մասիս Մայիլյանի տարածած հայտարարության հետ միաժամանակ Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքից:

Ի դեպ, ինչպես պարզվում է տարածված հայտարարությունից, հակառակ վերջին երկու օրերի ընթացքում կատարված որոշ կանխատեսումների՝ Մասիս Մայիլյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը՝ քաջ գիտակցելով, որ այդ դեպքում տրամաբանորեն մեծանալու է երկրորդ փուլի ընտրապայքարում իր փոխարեն Վիտալի Բալասանյանի թեկնածության հարցը քննարկվելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ Մասիս Մայիլյանը շատ լավ է գիտակցում, որ անիմաստ է մտնել այնպիսի մի խաղի մեջ, որի արդյունքը գրեթե կանխատեսելի է, եւ այդպիսով իր հետ միասին լիարժեքորեն հեղինակազրկելու է նաեւ իրեն աջակցող ուժերին՝ ի դեմս սորոսական հատվածի:

Ընտրությունների խաղում տանուլ տված Մասիս Մայիլյանին ու նրան աջակցող սորոսական թիմին մնում է միայն մեկ լուծում՝ գնալ քաղաքական առումով գրեթե զավեշտական ու անիմաստ որոշման, մնալ խաղի մեջ՝ պահելով Մասիս Մայիլյանի թեկնածությունը, միեւնույն ժամանակ ժողովրդին կոչ անելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Սա նշանակում է հետաձգել երկրորդ փուլի ընտրությունները եւ կամ ընտրությունների կայացման դեպքում լեգիտիմությունից զրկել դրա արդյունքները: Երկուսի դեպքում էլ գերնպատակը մնում է մեկը՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով արտակարգ դրություն հաստատել Արցախում եւ չարաշահելով նախագահի ընտրության հարցում ստեղծվելիք անորոշության գործոնը Երեւանի կողմից ուղղակի կառավարում իրականացնել Արցախում:

Ի դեպ, այս մասին առաջինն ընտրությունների նախօրեին 1in.am-ի հետ զրույցում ակնարկ էր կատարել հայտնի սորոսական Արսեն Խառատյանը, իսկ Armdaily.am-ի հետ զրույցում դա կրկնել է նաեւ «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:

Դա Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղղորդող ուժերին հնարավորություն կտա հեշտությամբ ու առանց խոչընդոտների Արցախին պարտադրելու ցանկացած ծավալի լուծում՝ սկսած Արցախում ադրբեջանական համայնքների գոյության պաշտոնականացումից, վերջացրած տարածքների վերադարձով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել