«Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գտեք»-ը վտանգավոր խորհուրդ է: Սա սովորաբար անճարակության վկայություն է: Հավասարազոր է «կարտոֆիլ կերեք», «հարևանից պարտք արեք» դասական մերժելի անճարակության դրսևորուներին: Փոխարինիչի, կարտոֆիլի, հարևանի տեղը մարդիկ գիտեն, եթե այլ խորհուրդ կամ օգնության առաջարկ չկա էլ, ավելի լավ է լռել:

Հիմա՝ ըստ էության: Երկու շաբաթ առաջ երկրի վարչապետն ասաց, որ նույնիսկ առանց նոր բեռնափոխադրումների երկրում մթերքի պահեստներն առնվազն երկու ամսվա պաշար ունեն: Պե՞տք է արդյոք ենթադրել, որ դա փոխարինիչների պաշար է, այլապես «դրսի թանկացման» և «շուկայի ինքնակարգավորման» փաստարկը չի աշխատում: Առնվազն պահեստի մթերքը ձեռք է բերվել դեռևս չթանկացած շրջանում, ներկայիս չհիմնավորված թանկացումները ժանտախտի շրջանում գերշահույթների մրցավազքի և թալանի նման են: Հնարավոր է, որ Թեղուտով Լոռու մի ահռելի հատվածի բնակչության տնտեսական դրությունը, սեփականությունը, ջուրը, օդը, անտառը փչացնելու տխուր փորձը «ազատ շուկայի» մասին մեր ֆինանսների նախարարի տեսական գիտելիքները մի փոքր տեղափոխել է բնակչության հաշվին անհատների գերհարստացմանն օգնելու գործնական հարթություն, բայց դա կարող է, չէ՞, հավասարակշռվել երկրի օրենսդիր իշխանության՝ Թեղուտի նման փորձերով դեռևս «չիմաստնացած» ԱԺ երիտասարդ կազմի միջամտությամբ: Ի՞նչ է ասում այս դեպքում երկրի օրենսդրությունը: Կամ գուցե անհրաժեշտություն կա արտակարգ իրավիճակներում մթերքի չհիմնավորված թանկացումների շուրջ Արտակարգ դրության մասին օրենքում նոր փոփոխությո՞ւն առաջարկելու: Թե չէ այս թագաժահր կոչվողը խփում է հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցողներին, իսկ մթերքի թանկացումը ավելացնում է մեր բնակչության մի ստված մասի առանց այն էլ թույլ իմունային համակարգը: Սա գործնական և իրավիճակին համաչափ առաջարկություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել