Նման անհարգալից վերաբերմունք մարդու նկատմամբ կարելի էր ակնկալել միայն թշնամական երկրում: Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է թույլ տա, որպեսզի իր ռազմավարական գործընկեր և իրեն Հայաստանի բարեկամ հռչակած Ռուսաստանում ՀՀ քաղաքացիներին նման վերաբերմունք ցույց տան: Հասկանալի է, որ Հրաչյա Հարությունյանն էլ ունի իր մեղքի բաժինը, բայց վերջինիս փաստաբանի արած հայտարարություններից պարզ դարձավ, որ հիմնական մեղավորներին պետք է փնտրել ինչպես պետական այն մարմիններում, որոնք պատասխանատու են ճանապարհների բարեկարգման համար, այնպես էլ այն ընկերությունում, որում աշխատել է Հրաչյա Հարությունյանը: Ճանապարհի այդ հատվածում մշտապես ավտովթարներ են եղել ճանապարհների անհարմարության, լուսակիրի բացակայության պատճառով, իսկ բեռնատար մեքենայի անսարք վիճակի համար էլ Հրաչյան որևէ պատասխանատվություն չի կարող կրել, ճիշտ է կարող էր հրաժարվել մեքենան վարելուց, բայց Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակից դրդված բազմաթիվ մարդիկ ստիպված են այլ երկրներում իրենց վտանգի ենթարկել հանուն իրենց ընտանիքի համար մի կտոր հաց վաստակելու:

Ի տարբերություն Ռուսաստանի Հայաստանը մշտապես հարգել և հարգում է օտարերկրյա քաղաքացիների` հատկապես ՌԴ քաղաքացիների իրավունքները, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին, որն ուղղակի ծաղրի ենթարկեց ՀՀ քաղաքացուն և այն դեպքում, երբ Հրաչյա Հարությունյանն ինքն էլ սարսափելի ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակում էր, քանզի անկախ իր կամքից էր վթարի պատճառ դարձել:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերած ստորացուցիչ վերաբերմունքի առթիվ միայն ՄԻՊ-ն արձագանգեց, իսկ ՀՀ-ն, որի Սահմանադրության 11.3. հոդվածում ասվում է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, իսկ հոդված 17-ում էլ կարդում ենք` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:

Հարգելի Հայաստանի Հանրապետության պատասխանատու այրեր, մի խախտեք ՀՀ Սահմանադրությունը և թույլ մի տվեք, որպեսզի ՀՀ քաղաքացուն ծաղրի առարկա դարձնեն` ստորացնելով մեր պետությանը:

Հ.Գ. Երևի Վարդավառի օրը հասարակական կարգը խախտած մերկ պարող ռուս աղջիկներին հայ տատիկները պետք է ձեռնափայտերով ծեծեին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել