Օրերս անդրադարձել էի ձեւավորվող բացասական տենդենցին՝ սեփական մասնագիտական անճարության կամ մանիպուլյատիվ հնարքների կիրառմանը, ձախողման պարագայում՝ շահարկմանը. կենսափորձ ունեցող հարգարժան մի մարդու թեւավոր խոսքին հղում կատարեմ պաշտոն զբաղեցնելու այս կարճ ժամանակահատվածում արդեն «իրենց մեծությունից հոգնած» իշխանավորների կեցվածքին։

Ստեղծված իրավիճակում, երբ յուրաքանչյուր գիտակից, պետականամետ, հայրենասեր անձ փորձում է կոնսոլիդանալ գործընթացներին գոնե չխանգարելու միտումով, առանցքային դերում գտնվող առողջապահության բնագավառի պատասխանատուն, ում խոսքին հետեւում է մի ամբողջ հանրություն՝ որպես արտակարգ դրության պայմաններում առաջնային աղբյուրներից մեկի, կենդանի կապի է դուրս գալիս՝ բողոքելով իր անձնական խնդիրներից՝ դատարաններում կրած պարտություններից։ Հայտնում է, որ չի կատարելու դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն, եւ լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ գնահատականներ է հնչեցնում դատական իշխանության վերաբերյալ։

Հասկանալի է, որ իրավական պետությունը ձեզ համար այլեւս առաջնահերթություն չէ, որ չեք կարող հանդուրժել ձեր ոչ իրավաչափ խոսքերի ու գործողությունների համար պատասխանատվություն կրելու իրականությունը, որ հնարավոր են իրավիճակներ, երբ պատասխանատվությունն է հաջորդելու մարդու արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորելու ձեր սովորական գործելաոճին, որ ի վիճակի չեք օբյեկտիվ գնահատելու ձեր հմտությունները, որ ի զորու չեք հրաժարվելու արդեն հարմարավետ դարձած աթոռից՝ չնայած գիտակցմանը, որ ձեր տեղում եւ դիրքում չեք գտնվում, բայց պետք է սթափվեք, գոնե այս իրավիճակում, վերանաք ձեր այդքան սիրելի էգոյից եւ կրեք պատասխանատվությունը, որը ստանձնել եք, որովհետեւ պատասխանի ժամը միշտ գալու է, իսկ զոհասեղանին ԲՈԼՈՐԻՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը տանուլ տալու իրավունք չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել