Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարի կերած «բողկերի» համար նա հայտնվում է պաշտոնանկության եզրին:
Չեմ ցանկանում այդ դեպքերը թվարկել, քանի որ դուք ինձանից լավ եք հիշում դրանք:

Յուրաքանյուր անգամ նա փորձում է «արդարանալ» նրանով, որ իր դեմ «դավադիր» ուժեր են գործում: Սկզբում մեղադրում էր ինձ և մնացած ընդդիմախոսներին՝ ասելով, որ մենք «սև» ենք, հետո մեղադրում էր Միքայել Մինասյանին` ասելով, որ նա վրեժ է լուծում հոր համար, հետո սկսեց մեղադրել Արմեն Մուրադյանին և այդպես շարունակ...

Հիմա` հերթական անգամ տապալվելուց հետո, վերը նշված բոլոր «մեղադրյալները» անմեղ են, քանի որ որևէ կապ չունեն ոչ կորոնավիրուսի հետ, ոչ էլ կապ ունեն նախարարի մասնագիտական տգիտության և գործելու անկարողության հետ, ու փաստացի, նա անզոր է նրանց մեղադրել:

Բայց հիմա հայտնվել են այլ «մեղադյալներ», մասնավորապես` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով կառուցողական քննադատությամբ էր հանդես գալիս նախարարի ապիկար ծրագրերի ներկայացման պարագայում, Տիգրան Ավինյանը, ով որևէ կապ չունի առողջապահության հետ, Արարատ Միրզոյանը, ով ևս կապ չունի առողջապահության հետ և, իհարկե, Աննա Հակոբյանը:

Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունն ու իրավիճակին տիրապետելու անկարողությունն ինչ-որ մեղավորներով: Իմ համոզմամբ՝ մամուլում այսօր տեղ գտած հոդվածը նախարարի պաշտոնանկության վերաբերյալ հենց նախարարի «պատվերն» է և կոչված է իր խայտառակությունը քողարկելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել