Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունների ընդդիմադիր գլխավոր կուսակցություններն, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ... հայտարարել են, որ, բոյկոտելով ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն, չեն մասնակցելու քարոզարշավին, իշխանական «Այո»-ի դիմաց «Ոչ» ճակատի ձևավորման պարտավորությունն իրենց վրա են վերցրել 61 իրավապաշտպաններ:

Սա ամենաանցանկալի տարբերակը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական թևի և «Այո»-ի ճակատի համար երեք հիմնական պատճառներով.

ա. Քաղաքական ընդդիմադիր ճակատի բացակայության պայմաններում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը զրկվելու է հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու միջոցով ու «Ոչ»-ի ճակատը որպես նախորդ, այսպես կոչված, «կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչ ներկայացնելով շահել ժողովրդի ձայները, ինչը հաջողությամբ արդեն երկու անգամ փորձարկվել է Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

բ. «Ոչ»-ի ճակատը ձևավորած իրավապաշտպանների հասցեին հնչեցված ցանկացած վիրավորանք կամ նրանց դեմ գործադրված բարոյա-հոգեբանական ցանկացած ճնշում ու ոտնձգություն համարվելու է խոսքի ազատության և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ինչն, անշուշտ, միջազգային ու մասնավորապես եվրոպական շրջանակների ուշադրությունից չի վրիպելու և բացասական հետևանքներ է ունենալու իշխանությունների համար:

գ. «Ոչ»-ի ճակատը հանդես է գալու բացառապես իրավունքի ու օրենքի դաշտում՝ հակառակ կողմին նույնպես պարտադրելով պայքարը սահմանափակել նույն շրջագծում, որտեղ, ինչ խոսք, հանրաքվեին «Ոչ» ասելու համար հիմնավարումները շատ ավելի հզոր ու տրամաբանական են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել