Armdaily.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է լարվածություն կա իշխանության և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջեւ։ Հակասություններն այնքան են խորացել, որ այդ լարվածության մեջ են մտել նաև կուսակցության ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում նրանք խորհրդարանական գործընկերներ էին, հանդես եկան նույն դաշինքով, իսկ հեղափոխությունից հետո՝ առանձնացան։

Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի առաջին քաղաքական մեծ «կռիվը» 2016 թվականին էր, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր, իսկ Էդմոն Մարուքյանը՝ անկախ պատգամավոր։ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն հայտարարություն էր տարածել և նշել, որ կաջակցի «Լուսավոր Հայաստանին, եթե վերջինս հայտարարի որ «Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։ 2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։ 3.Վաղը ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախագիծ»։ ԼՀԿ-ն էլ արձագանքել էր՝ նշելով, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրենց աջակցի, ապա պատրաստ են ցանկացած պահի միանալ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին։ Իսկ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել էր, որ ՔՊ առաջարկը ոչ թե համագործակցային բնույթ է կրում, այլ քաղաքական շանտաժի։ Նրանց մեջ լարվածությունը մեղմացնելու համար նրան իր տուն էր հրավիրել Թևան Պողոսյանը և ընտանեկան լուսանկար հրապարակել։ Ըստ ամենայնի՝ Թեւան Պողոսյանին հաջողվել էր նրանց հաշտեցնել։ Այնուհետև Փաշինյանն ու Մարուքյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին մեկ դաշինքով՝«Ելք»։ Նրանց միացավ նաև «Հանրապետությունը»՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Խորհրդարանական մեկ տարվա գործունեության ընթացքում, կարծես, նրանց հարաբերությունները լավ էին։

Սակայն 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց քայել և մերժել Սերժ Սարգսյանին ու իշխող ռեժիմին, նրան չմիացան «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները։ Նրանք փողոց դուրս եկան միայն այն ժամանակ, երբ ԱԺ-ի դիմաց լարվածություն եղավ ցուցարարների ու ոստիկանների միջև ու Փաշինյանն էլ փորձում էր անցնել փշալարերի վրայով։ Սա, կարծես, իշխանության եկած իմքայլականները չեն ուզում մոռանալ եւ ԼՀԿ-ի «լուսավորներին» և ամեն պատեհ ու անպատեհ պահերին դա հիշեցնում են։ Վերջերս՝ Սահմանադրական հանրաքվեի ֆոնին ավելի լարվեցին նրանց հարաբերությունները, երբ ԼՀԿ-ն դեմ գնաց սահմանադրական բարեփոխումների իշխանականների նախագծին։ Վիրտուալ և ֆեյսբուքյան տիրույթում երկու կողմն էլ առիթը բաց չի թողնում միմյանց իրար անցյալը հիշեցնելու և վիրավորելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել