Armdaily.am-ը գրում է.

«Հունվարի 21-ին խմբակցության անունից հարցում էինք ուղարկել Սննդի անվտանգության տեսչություն, փորձելով հասկանալ, թե որ լաբորատորիաներում են պատվիրվում ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները և պատասխանը ծնեց շատ ավելի հարցեր»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով կառավարությանը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Նշեց, որ պատասխանում նշված է եղել, որ պատվիրակված է եղել 4 կազամակերպություններում, սակայն բաշխվածությունն անհամաչափ է եղել
«Ուզում եմ հասկանամ, թե ինչով է պայմանավորված այդ անհամաչափությունը, քանի որ ինձ հասած տեղեկություններով, կան անձնական կապեր, որոնցով է այդ անհամասմասնությունը գոյացել»,-հետաքրքրվեց պատգամավորը։

«Եթե անձնական կապեր լինեն, ես ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները, էդպես գործողները խոստորեն կպատժվեն։ Այնպես որ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին։ Անկեղծ ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև տեղյակ չեմ։ Բայց ուզում եմ մի հարցի վրա ուշադրություն դարձնել. շատ երկար տարիներ խոսվում է, որ այդ լաբորատորիան Սննդի անվտանգության մենաշնորհ ունի և այլն։ Մենք գնացել ենք այդ քայլին՝ երկար տարիների այդ քննադատությանն ականջալուր լինելով և ազատականացրել ենք։ Հիմա հընթացս եթե պարզվեն, որ պրոբլեմներ կան, պաշտոնյաներ կան շահագրգիռ, ես Ձեզ խոստանում եմ, որ ամենախիստ ձևով այդ մարդիկ կպատժվեն»,-պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը նաև նշեց, որ մի քանի ոլորտներ կան, որտեղ գնացել են ազատականացման և միշտ չէ, որ այդ դաշտը մասնավորը միշտ լցնում է։

«Սակայն կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է առաջ գնանք և նման քննարկումները պետք է լինեն, որպեսզի պատշաճ վերահսկողություն լինի, որպեսզի որևէ կոռուպցիոն ռիսկ բացառվի»,-նկատեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել