Արտաքնոցազուգարանային թեման՝ կառավարության նիստում...

Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած կառավարությունը նորանոր ցածրունքներ են նվաճում:

Չգիտեմ, թե ով է այն երջանիկ «Պողոսը», որին ճաճանչափայլի անմիջական հրովարտակով պետք է սնանկացնեն, բիզնեսը ձեռից առնեն կամ փակեն, որովհետև իր քյաբաբնոցի կամ «վեծեռոկի» արտաքնոցի վրա տնտեսել է:
Չէ, լուրջ: Փաշինյանն ասում է, թե՝ ռեստորան սարքելու վրա 100 հազար դոլար ծախսել են, բայց մի 200 դոլար ափսոսացել են նորմալ զուգարան կամ սանհանգույց ունենալու համար ծախսել:

Նախ՝ պարոն Փաշինյանն իրականությունից բավականին հեռու պատկերացում ունի ռեստորան կառուցելու կամ ունենալու համար պահանջվող ծախսերի վերաբերյալ: Այդ ծախսերը հաստատ 100 հազար դոլարը գերազանցում են, նույնիսկ բազմապատկորեն են գերազանցում:

Երկրորդ կամ որպես նախորդի լրացում՝ նորմալ, ժամանակակից նվազագույն պայմաններին համապատասխանող սանհանգույցի 1 կետ, պարզ ասած՝ զուգարան (1 միավոր) ստանալու համար անհրաժեշտ շինանյութի և աշխատանքի ծախսը հաստատ մի քանի անգամ ավելին է, քան 200 դոլարը:

Վարչապետն, իհարկե, շինարար չէ, ոչ էլ ամենագետ, որ նման աշխատանքների գներն իմանա: Բայց, գրո՛ղը տանի, մարդը, մանավանդ լրագրողի մասնագիտություն ունեցողը, որ վարչապետի պաշտոնում է, գոնե միայն այդ պատասխանատու պետական պաշտոնի հանդեպ հարգանքից ելնելով չպետք է խնդրից, որի մասին խոսում է, պատկերացում չունեցողի տպավորություն թողնի:

Երրորդ. իսկ ո՞ւր են փաստերը: Այդ ո՞ր ռեստորանն է եղել կամ քանի՞ ռեստորան է եղել, որոնց սրահներում ոսկեզօծ աթոռներ են դրված, բայց զուգարաններն աղետային վիճակում են: Գուցե հրապարակե՞ք: Կամ գուցե ստուգայց է եղել, ու ենթադրենք 250-ից 3-ի դեպքում նման փաստե՞ր են արձանագրվել: Առհասարակ, դա ի՞նչ մի վարչապետի պաշտոնի մակարդակով հնչեցնելու հարց է: Դա, կներեք, անգամ նախարարի ու փոխնախարարի մակարդակի հարց չէ:

Չգիտեմ, չեմ կարող իմանալ, թե ինչ ճամփեզրյա «զաբեգալովկա» կամ գուցե մոթել է մտել պարոն Փաշինյանը, որ նման աղետյալ վիճակ է արձանագրել (դե, նա այնպես էր պատմում, որ կարելի էր կարծել, թե անձամբ ինքն է նման պատկեր տեսել), բայց ռեստորան բառի հետ մի տեսակ «չի բռնում» զուգարանների վիճակի մասին ասածը:
Ինքս, քավ լիցի, ռեստորանամոլ չեմ, «Գրիբոյեդովի մոտ» էլ չեմ ճաշում, բայց վերջին 15-20 տարիների ընթացքում որ ռեստորանում եղել եմ (հյուրանոցները չհաշված), զուգարանների, դրանց կահավորանքի ու վիճակի վերաբերյալ որևէ վրդովեցուցիչ բան չեմ նկատել: Հնարավոր է միգուցե՝ ես միայն էքստրա կարգի ռեստորաններում եմ եղել: Բայց էդ անտերը մի քիչ տրամաբանությունից հեռու է հնչում էլի: Ռեստորանային բիզնես անողները հիմար կամ փնթի ու անլվա սուբյեկտներ չեն, որպես կանոն: Եթե անգամ գեղցի են, գոնե այնքան քթածակ ունեն, որ եթե զուգարանի փոխարեն իրենց օբյեկտում արտաքնոց է, ապա առանց Փաշինյանի հրովարտակի էլ տակ կտան:

Եվ էլի. իսկ գուցե հերի՞ք է արևելյան բռնապետիկ խաղալ: Ի՞նչ ասել է՝ սնանկացրեք, փակեք և այլն: Խի վարչապետը այդ ո՞վ դարձավ, որ իր ասելով որևէ մեկի բիզնեսը պիտի փակվի կամ որևէ բիզնեսմեն պետք է սնանկացվի: Կան օրենքներ, կան նորմատիվներ, կան սահմանված կարգեր ու ընթացակարգեր, որոնց համաձայն էլ պետք է նման խնդիրները կարգավորվեն:

Հա, օդանավակայանային տաքսավատ անողների, զբոսաշրջիկներին կլպողների մասին: Դա շատ արագ կարգավորվող հարց է, առհասարակ: Բայց այստեղ Փաշինյանը վտանգում է հարվածել իր ամենից նվիրյալ երկրպագուներին, ընտրազանգվածին, եթե կուզեք: Ինձ, օրինակ, որքան քցող, անբարեխիղճ, խաբեբա, ուղևորից կոպեկ թռցնող, ճանապարհը միտումնավոր երկարացնող, փնթի, ուղևորի հանդեպ տարրական վերաբերմունքից զուրկ, քյարթ տաքսիստ է հանդիպել, բոլորը առանց բացառության Նիկոլի վկաներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել