Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։

Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է նույն քրեական գործի շրջանակներում։

Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այսինքն՝ այն հիմքով և պատճառաբանությամբ, որ Փանոսյանին վերագրվող արարքը չի պարունակում նրան առաջադրված հանցակազմի հատկանիշները։

Ավելին՝ վերաքննիչ դատարանն ապօրինի և անհիմն էր ճանաչել ոչ միայն Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտը, այլև վերջինիս ձերբակալելու վերաբերյալ քննիչի որոշումը։

2019 թ. դեկտեմբերի 26-ին՝ նույն օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, դրա օր առաջ կենսագործման համատեքստում քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը, և կրկին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան։

Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երկրորդ անգամ դատարան ներկայացնելու և այն բավարարելու միջև անցել է ընդամենը երկու շաբաթ, ինչը ՀՀ դատական պրակտիկայում աննախադեպ երևույթ է և անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած եւ ենթադրություններ է առաջացնում վերոնկարագրյալ շտապողականության իրական պատճառների վերաբերյալ։

Զուգահեռաբար հարկավոր է ընդգծել, որ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո Փանոսյանի կողմից վարույթ իրականացնող մարմնից խուսափելու կամ թաքնվելու ուղղությամբ որևէ գործողություն չի արձանագրվել։

Ավելին՝ հատկանշական է, որ, համաձայն դեկտեմբերի 27-ին տարածված հաղորդագրության, փոփոխված մեղադրանքը ամբողջությամբ ներառում է Նորայր Փանոսյանի առաջադրված սկզբնական մեղադրանքը և դրա իրավաբանական որակումը, ինչի պարագայում Փանոսյանի կալանավորումն ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նոյեմբերին կայացված և ներկա պահին օրինական ուժի մեջ գտնվող որոշմանը, ըստ որի՝ նրա գործողություններում պարզապես բացակայում են նրան վերագրվող հանցակազմի հատկանիշները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել