Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին (1804-1881) ասում է. «Սուտը երեք տեսակ է լինում՝ սովորական սուտը, իրականությանը չհամապատասխանող երդումը և վիճակագրական տվյալները»: Հումորախառն այս նախադասության մեջ միաժամանակ քննադատվել են թե՛ կեղծված ու քարոզչական բնույթի վիճակագրական թվերը և թե՛ որոշ չափերով իրականությանը համապատասխանող վիճակագրական թվերի՝ հատուկ նպատակով չարաշահման ենթարկվելը:
Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիճակագրական թվեր ու փորձել է դրանք ներկայացնել որպես Հայաստանում իշխանափոխությունից հետո արձանագրված տնտեսական դրական առաջընթացի ու զարգացման ապացույց:
Ներկայացված վիճակագրական թվերն իհարկե ճիշտ են սակայն այն տարբերությամբ, որ իրեն ցանկալի արդյունքին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը դրանք համեմատում է այն ժամանակահատվածների հետ, որոնք ձեռնտու են իրեն, մինչդեռ, համեմատության բազան ընդլայնելով, ի հայտ է գալիս մեկ այլ ճշմարտություն:
Օրինակ՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը «BB-» է գնահատել Հայաստանի վարկանիշը, ինչը մեկ աստիճանով բարձր է նախորդ տարվա «B+»-ից և դա ներկայացրել է որպես կառավարության վարած տնտեսական քաղաքականության հանդեպ միջազգային հանրության դրական վերաբերմունքի ապացույց՝ մոռանալով, որ Հայաստանի վարկանիշը 2014 թվականին էլ «BB-» է եղել, իսկ 2008 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարում, դա եղել է «BB», ինչը մեկ աստիճանով ավելի բարձր է 2019 թվականին արձանագրված «հեղափոխական» առաջընթացից:
Կամ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%»՝ դա ներկայացնելով որպես դրական առաջընթաց: Դա այն դեպքում, երբ 2017 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել էր 7,7%, ինչը, բնականաբար, գերազանցում է Փաշինյանի վարչապետության օրոք արձանագրված արդյունքը:
Վիճակագրական տվյալները չարաշահելու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի որդեգրած ընթացքը (որն, ի դեպ, բնորոշ է մենատիրական հակումներում կառավարվող երկրներին) մեկ անգամ ևս ապացուցում է, թե ստերի տեսակին որքան ճիշտ բնորոշում է տվել Բենջամին Դիզրայելին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել