Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որը 1915թ.-ի իրադարձությունները ճանաչում է որպես «Հայոց ցեղասպանություն» և ասել, որ Թուրքիայի պառլամենտը կներկայացնի հակափաստարկ:

«Ես դիմում եմ ԱՄՆ հանրային կարծիքին և ողջ աշխարհին: Այս քայլն անարժեք է, և մենք դա չենք ճանաչում», - ասել է Էրդողանը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պառլամենտը կընդունի հակադարձ լուծում պահանջող բանաձև՝ հավելելով, որ Թուրքիան ցավում է, որ իր երկրի դեմ «զրպարտությունը» ընդունվում է երկրի խորհրդարանի կողմից: «Մենք այդ մեղադրանքը համարում ենք ամենամեծ վիրավորանքը մեր ազգի նկատմամբ»,- ասել է նա:

«Մի երկիր, որի պատմությունը լի է ցեղասպանության և ստրկության իրականացման դեպքերով, իրավունք չունի որևէ բան ասել ցեղասպանության մասին, ոչ էլ դաս տալ Թուրքիային... Մեր հավատով ցեղասպանությունը, միանշանակ, արգելված է: Մենք համարում ենք, որ նման մեղադրանքը ամենամեծ վիրավորանքն է մեր ժողովրդի համար։ Իրադարձությունները որպես ցեղասպանություն համարելու քայլը ոչինչ չի նշանակում։ Ամերիկացի օրենսդիրները գործել են պատեհապաշտորեն և օրինագիծն ընդունել են այն ժամանակ, երբ Թուրքիան լայն քննադատության է ենթարկվում Սիրիա իբրև թե ներխուժման համար»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև հարցականի տակ է դրել նոյեմբերի 13-ին ԱՄՆ իր այցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել