Եթե որևէ մեկին թվում է, թե Սիրիայում կատարվող ռազմական գործողությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, եթե որևէ մեկին թվում է , թե այնտեղ կոտորվում են մարդիկ , որին արժանի են, ապա, մեղմ ասած, ես ապշած եմ:

Թուրքիայի վարած զավթողական քաղաքականությունը, հարևան երկրների նկատմամբ տարածքային ակնկալիքներն այլևս բացահայտ են, Թուրքիան այլևս չի թաքցնում, որ ինքը տարածաշրջանում փորձում է ստեղծել պետություն, որի մեջ ներառված կլինեն այնպիսի տարածքներ, որոնք մինչ այդ խանգարել են նրա սահմանների ընդլայնմանն ու պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը: Եթե Թուրքիան ինչ-որ կազմավորումների համարում է ահաբեկչական խմբավորումներ և այդ տարածքներից վտարում բնակիչ տղամարդկանց, ապա ի՞նչ է մնում անել կանանց ու երեխաներին։ Իհարկե, հեռանալ:

Եթե Թուրքիան Սիրիայում է այսօր իրականացնում այդ գործողությունները, դրանց ավարտից հետո նա հայացքը դեպի Իրաք է ուղղելու... Թուրքիան մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցելու, իսկ մենք արդեն գիտենք, թե ինչ եղավ, երբ նա 911 կմ-ոց սիրիական սահմանին պատ կառուցեց... Թուրքիայի ցանկացած զավթողական քաղաքականություն ուղիղ գծով մեզ համար վտանգավոր է, մեզ համար մտածելու տեղ է տալիս: Ու երբեք չասենք, որ ռուսական զորքն է կանգնած սահմանին, քանի որ Սիրիայում նույնպես կար և՛ ռուսական, և՛ ամերիկյան զորք... Միգուցե ուղիղ չլինի այդ սպառնալիքի իրագործում, այլ լինի միջնորդավորված, բայց այն մեզ համար վտանգավոր է: Ադրբեջանը այդ «զավթիչներ» տերմինը մեզ կպցնելու համար շատ երկար է խորհրդակցել Թուրքիայի հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել