Armdaily.am-ը գրում է․

Երեկվանից սոցիալական ցանցերում էյֆորիա է, իրենց ողջ կյանքում թանկ ու կրակ ավիատոմսերով ճամփորդող եւ հարեւան վրացիներին այս հողի վրա նախանձող հայերը արդեն 30 եվրոյով Միլան, Մյունխեն են թռնում եւ այնտեղ սրճում։
Երեկ հայտնի դարձավ, որ իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մյունխեն թռիչքներ կսկսի իրականացնել։ Տոմսերի արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն։

Ոգեւորությունը մեծ է, հումորները՝ անսպառ, Տաթեւիկ Ռեւազյանին եւ իշխանություններին դիֆերամբները՝ անթիվ, իսկ ժամանակին «սիրուն աղջկան» քննադատողներին անարգանքի սյունին են գամում։

Սակայն այսօր արդեն կամաց-կամաց ոգեւորությունը մարում է, սահյանական լեզվով ասած՝ տխրությունը կամաց-կամաց փոխվում է լացի կամ ոգեւորությունը կամաց-կամաց փոխվում է հիասթափության։

Այսօր արդեն համացանցը ողողված է Ryanair ընկերության մասին բացահայտումներով։
Պարզվում է՝ յուրաքանչյուր տեղափոխված ուղևորի համար ավիաընկերությունը, բացի ուղևորի վճարած տոմսի արժեքից, գումար է ստանալու նաև պետական բյուջեից, այսինքն՝ չթռնողներն էլ են վճարելու թռնողների համար։ Իսկ վճարները կազմում են 76 դոլար մեկ ուղևորի համար, բլոգեր Լապշինը գրել էր, որ իրեն մեկ տարի առաջ այս մասին ասել է անձամբ Փաշինյանը։ Լապշինը նաեւ գրել է, որ դեռ 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք Ryanair-ը հստակ դրեց իր պայմանները՝ իր վրա վերցնելով ծախսերը և մենք գալիս ենք Հայաստան, այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից տարեկան մոտ 5 մլն դոլար են հատկացրել օդանավակայանների վճարների համար, Ryanair-ը միանգամից համաձայնել է թռչել:

Այս հանգամանքից շատերը հիասթափված են, սակայն ծայրահեղությունների մեջ չպետք է ընկել, պետք է օբյեկտիվ լինել եւ ընդունել, որ որեւէ մեկը հենց այնպես թռիչքներ չէր կազմակերպի, պետության դոտացիան, որը, օրինակ, դրսեւորվում է հարկերը, տուրքերը չվճարելով, անհրաժեշտ է եւ փորձված մեթոդ, Վրաստանը եւս հենց այդ մոդելն է կիրառել ավիաշուկայի ընդլայնման, զարգացման հարցում։ Նաեւ, պետք է հաշվի առնել, որ թեեւ այժմ պետությունը մեծ ծախսեր է անելու իր քաղաքացիների՝ Եվրոպա էժան թռիչքներ կազմակերպելու համար, սակայն այս քայլը կարեւոր է եւ ուղենշային ֆինանսական ակտիվության, տուրիզմի զարգացման առումով, այնպես որ Ryanair-հերոսից հակահերոս սարքել պետք չէ։

Սրանք միակ բացահայտումները չեն ավիաընկերության մասին։ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքի իր էջում ուշագրավ տվյալներ է ներկայացրել, թե ինչեր է անում ընկերությունը գումար խնայելու համար, այդ թվում՝ զուգարանը վճարովի դարձնելու մտադրությունը, սնունդ չտրամադրելը, ավել ուղեբեռի համար՝ մրցակիցներից ավել գումար գանձելը, ընդամենը մեկ տեսակի ինքնաթիռ օգտագործելը, ինքնաթիռը իջնելիս ավտոբուս չտրամադրելը, թանկության պատճառով խոշոր օդանավակայաններում վայրէջք չկատարելը, ավիաընկերությունն այնքան խնայող է, որ ուղևորն ինքը պետք է իր տոմսը տպի և մոտենա հաշվառման սեղանին, եթե տոմսը տպված չեղավ, ապա մեկնելու համար 40-50 եվրո տուգանք պետք է վճարի և նստի ինքնաթիռ:

Խնայողությունները վերաբերում են ոչ միայն հաճախորդներին, այլեւ աշխատակիցներին, ովքեր իրենք պետք է վճարեն իրենց հագուստի, ուսուցման համար եւ արդյունքում ունենան աշխատանք, իսկ եթե թռիչքների սեզոնայնությամբ պայմանավորված չեն աշխատում, հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվում եւ իրավունք չունեն այլ աշխատանք փնտրել։

Նշենք, որ Ryanair-ի հիմնադիրն Իռլանդիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ Թոնի Ռայնը, ում ազգանունի սկզբնատառերով էլ հիմնվել է ավիաընկերությունը: Իր հիմնադրումից հետո, երկար տարիներ Ryanair-ն ուներ ընդամենը մեկ ինքնաթիռ, որն իրականացնում էր Դուբլին-Լոնդոն չվերթը: Որպես Բիզնեսի զարգացման համար խորհրդատու՝ Թոնի Ռայնը հրավիրում է Մայքլ Օլիրիին: Վերջինս մեկ անգամ մեկնում է ինքնաթիռով ու ասում. «Լսիր Թոնի, փակիր այս ավիաընկերությունն ու այլ բիզնեսով զբաղվիր»։ Բայց Թոնին անդրդվելի էր և պատասխանում է.«Մայքլ, եթե կարողանանք տարեկան 2 մլն. դոլար եկամուտ ունենալ, ապա 25%-ը քոնն է»։ Մայքլն անցնում է գործի, մեկնում է ԱՄՆ, զրուցում է Southwest Airlines-ի մասնագետների հետ, ծանոթանում է քիչ ծախսեր, կամ low cost-ի բիզնես մոդելին ու վերադառնում Իռլանդիա, սկսում աշխատել։ Փաստացի ընկերության եկամուտները գոյանում են լրացուցիչ ծառայություններից, ինչի շնորհիվ Ryanair-ը շուրջ 3 անգամ ավելի շատ գումար է աշխատում, քան մնացած ստանդարտ ավիաընկերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել