Armdaily.am-ը գրում է․

Երեկ ArmDaily.am հայտնել էր, որ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Մեր տեղեկությունները կարճ ժամանակ անց հաստատվեցին։

Նշենք, որ այդ պաշտոնին Հայրապետովը նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Նա պահպանել է նաև երկրի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

ArmDaily.am-ը կապ հաստատեց Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.«Պետք է պարտադիր պատճա՞ռ լինի: Որոշումները կայացնում է վարչապետն իր հայեցողությամբ և իր լիազորությունների սահմաններում»:

Նկատառմանը, որ խոսակցություններ կան, որ Բալասանյանի՝ «Մենք մոտավորապես գիտեինք, թե ինչի մասին են եղել բանակցությունները: Մենք էլ ունենք աղբյուրները, թե վարչապետն ում հետ է հանդիպել, մենք տեղյակ ենք վերելակային դիվանագիտության մասին, ինչի մասին են խոսել» հայտարարությունից հետո է վարչապետ Փաշինյանը որոշել ազատել Հայրապետովին, քանի որ իր և Ալիևի խոսակցության մանրամասնները հենց Հայրապետովի միջոցով է դուրս եկել և ըստ վարչապետի Բալասանյանը միայն նրա միջոցով կարող էր տեղեկանալ մանրամասներին, Կարապետյանը նշեց.«Անհեթեթությունները չեմ ուզում մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ Գրիգորի Ալբերտի Հայրապետովը մինչ պաշտոնին նշանակվելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:
Ծառայել է խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում: Այդ գործում իր կողմից ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի, զսպվածության, չափավորության ու անկողմնակալության համար միշտ մեծապես գնահատվել է երկրի նոր ղեկավարների ու կոլեգաների, ինչպես նաև ՌԴ, ԱՊՀ, ԱՄՆ, ԵՄ ու այլ երկրների իր կոլեգաների կողմից: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել