Էրդողանը Բաքվից վերադառնալիս խոսել է Բաքվում անցկացրած թյուրքալեզու պետությունների Թյուրքական խորհուրդ 7-րդ գագաթնաժողվից, ինչպես նաև անդրադարձել Սիրիայում ծավալվող ռազմական գործողություններին և նրա վրա արտաքին ճնշմանը:

«Նրանք ճնշում են գործադրում մեզ վրա, որպեսզի դադարեցնենք անվտանգության գոտու համար մեկնարկված գործողությունը, մեզ սպառնում են պատժամիջոցներով»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով արևմտյան երկրներին:

«Մեր նպատակը հստակ է: Մենք անհանգստացած չենք պատժամիջոցներից»,- հավաստիացնում է Էրդողանը՝ ավելացնելով, որ YPG/PKK-ն կորցնում են իրենց դիրքերը, քանի որ «Խաղաղության ակունք»-ը հաջողությամբ շարունակում է:

Նա անդրադարձել է նաև միջնորդության առաջարկին: ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում հրադադար հայտարարել և պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև, բայց Էրդողանը մերժում է այդ առաջարկը, քանի որ Թուրքիան «ահաբեկչական խմբավորումների հետ չի նստի սեղանի շուրջ»:

Էրդողանը, շարունակելով այս առաջարկության թեման, շատ ավելի խորն է գնում ու, փաստացի, Թրամփին անուղղակի համարում ոչ խելամիտ, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ-ի միջնորդությունը Թուրքիայի և YPG/PKK-ի միջև խելամիտ չէ քաղաքագիտության և պատերազմական իրավունքի տեսանկյունից:

Ընդգծելով, որ Թուրքիան կպահպանի իր գործողությունը, քանի դեռ տարածքը չի մաքրվել «ահաբեկչական տարրերից», նա ասել է, որ այդ գործողությունն ավարտվելուց հետո տարածքը կհանձնվի իր իսկական տերերին՝ սիրիացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել