Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։

Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի դեմ գործողությունների վրա` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` հետագա արյունահեղությունը կանխելու համար:

Փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ մեր զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից։

Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և մեր ազգի զավակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել