Hayeli.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի դեմ կարծես լուրջ արշավ է սկսել: Hayel.am-ին հայտնի է դարձել, որ ձերբակալվել է  Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը: Նրա ձերբակալման պատճառը թույլ տված չարաշահումներն են, որոնց թվում են վերագրում նաեւ՝ Հովիկ Աբրահամյանի գերդաստանին տրամադրած դիզվառելանյութի գործը, դիզվառելանյութը սուբսիդավորել էր պետությունը,նախեւառաջ անապահով ընտանիքների համար, մինչդեռ բոլորովին վերջերս պարզվեց, որ մոտ 47 հազար տոննան  բաժին է հասել Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին:  Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի       դարձավ, որ  Տիգրան Վիրաբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար։ Ըստ որոշ լուրերի՝ Վիրաբյանը նեղ միջավայրում ասել է, որ եթե իրեն բռնեն, անուններ է տալու: Հիշեցնենք նաեւ, որ Աբրահամյանների կողմից պետական միջոցներից առաջնահերթության կարգով օգտվելու փաստը բացահայտվեց Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության պատճառով առաջացած փոխհրաձգության ընթացքում: Երբ ԱԺ նախագահը ՎՊ հաշվետվությունը լսելուց հետո ԱԺ ամբիոնից «թալանչիների» եւ բյուջեն «լափողների» որս հայտարարեց եւ բացահայտ նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն «այստեղ մեծ անելիք ունի», օրեր անց ստացավ պատասխան հարվածը:
Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը ներկայացրեց տեսչության անցկացրած ստուգումները մի քանի ռիսկային ոլորտներում։ Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ կառավարության աջակցությամբ տրամադրվող մատչելի դիզելային վառելիք ձեռք բերելու ծրագրի իրականացման ընթացքում մեծ թվով խախտումներ են արձանագրվել:
Հարկ է նշել, որ պաշտոնական  բացատրություն տրվեց, որ Հովիկ Աբրահամյանի հարազատների կողմից դիզվառելիք ձեռք բերելու փաստը խախտում չի համարվում, քանզի ծրագիրը նախատեսված է մարզերի բոլոր բնակիչների համար, որոնց թվում են նաեւ Աբրահամյանի հարազատները:
-Կառավարության որոշմամբ նման սահմանափակում չկա, եւ յուրաքանչյուր հարուստ կարող է եւ օգտվել է։ Սակայն սահմանափակում է եղել, ըստ որի հարուստները կարող էին օգտվել մինչեւ 30-ից 40 տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց հնարավորությունները ավելի սահմանափակ են, միջինը 500 տոննա են ստացել, – ասել էր Ղարիբյանը:

Ստուգումների արդյունքում ամենաշատ խախտումները արձանագրվել են հենց Արարատի մարզում. միայն այստեղից պետությանը 83 միլիոն դրամի վնաս է պատճառվել: Ղարիբյանի կողմից ներկայացված թվերի համաձայն՝ Մխչյանին հատկացված դիզվառելիքի մոտ 65 տոկոսը ձեռք են բերել հենց Աբրահամյանի հարազատները: 35 հազար լիտր դիզվառելիք գնած Հենրիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է, իսկ 12 900 լիտր դիզվառելիք գնած Հովհաննես Աբրահամյան՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:

Անի Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել