A1plus.am-ը գրում է․

«Իրավունքի սահման» ընկերության տնօրեն, իրավապաշտպան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ուժային կառույցներում ծառայողների հանդեպ տարիներ շարունակ թույլ են տրվել անարդարություններ։

«Ուժային համակարգում նախկինում ծառայող Էդգար Հովհաննիսյանի կողմից բացահայտվել է մի իրականություն, որ բոլոր զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց է վերաբերում․ լինի ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների նախարարության»,- ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ արձակուրդների մասով սխալ է հաշվարկվել զինծառայողների գումարները պետության կողմից, և այս պահի դրությամբ միլիոնավոր դոլարների պարտքեր կան կուտակված։ Այս դեպքերի մասին բարձրաձայնելու համար, շարունակում էր իրավապաշտպանը, Էդգար Հովհաննիսյանին  արձակուրդում եղած ժամանակ ազատել են աշխատանքից և անօրինական կերպով ուղարկել պահեստազոր, ինչն արձանագրվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ «Այս պահին տվյալ գործը ևս ուսումնասիրվում է համապատասխան դատարան ներկայացնելու համար»,- նշեց նա։ Էդգար Հովհաննիսյանը, պահեստազորի գնդապետի փոխանցմամբ, աշխատանքից ազատվել է 2015 թվականին տվյալ ուժային կառույցի կողմից։

Գևորգ Հովհաննիսյանն անդրադարձավ մի այլ դեպքի, կապված Կոտայքի մարզի դպրոցների հետ։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ «Կոտայքի մարզպետը, օգտագործելով իր վարչական լծակները, մարզի միջնակարգ դպրոցների կառավարման խորհուրդներում ներգրավում է իր համար ցանկալի անձանց, որպեսզի վերջիններս էլ որպես տնօրեն ընտրեն իրենց համար ցանկալի անձանց»,- շարունակեց իրավապաշտպանը։

Նա այսկերպ համարում է, որ կլանային համակարգը փոխարինվեց մեկ այլ կլանայինով։ Հովհաննիսյանը, որ խորհրդի կազմում ընդգրկված անձանց քաղաքական պատկանելիության և կրոնական ուղղվածության վերաբերյալ լուսաբանող գրություններ է պահանջել մարզպետարանից, սակայն վերջինի կողմից պատասխան չի տրվել։

«Ինչն անհրաժեշտ և բավարար հիմքեր է ստեղծում կասկածելու, որ թե՛ կառավարման խորհրդում ընտրված անձինք, թե՛ որպես տնօրեններ ընտրված անձինք ունեն համապատասխան քաղաքական պատկանելիությունը՝ ներկայիս համակարգի առումով ու կրոնական ուղղվածություն, որը սպառնում է հետագայում բանակ զորակոչվող անձանց հետ կապված խնդիրներին»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ինչպես է իմացել խորհրդի կազմավորման հարցում խախտումների մասին, պատասխանեց, որ Հայաստանը փոքր է, և մեկը մյուսին հրաշալի ճանաչում է, հատկապես՝ փոքր համայնքներում․ տեղեկությունները շուտ են տարածվում կառավարման խորհուրդներում ընդգրկված անձանց քաղաքական կողմնորոշման, կրոնական ուղղվածության ու կրոնական հավաքույթի տեղերի մասին։

Պահեստազորի գնդապետը պատրաստ է ներողություն խնդրել, եթե հրապարակվեն հերքող տվյալներ։

Կից ներկայացնում ենք նաև Գևորգ Հովհաննիսյանի ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին, որը հասցեագրված է  Գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հանրապետության ոստիկանության պետին։

Դիմումի մեջ Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Արայիկ Հարությունյան կողմից  պաշտոնեական դիրքերի չարաշահման ու խմբակային շահերից ելնելով օգտագործելու փաստերով Քրեական օրենսգրքով նախատեսված առերևույթ հատկանիշներ պարունակող արարք թույլ տալու վերաբերյալ։

Իրապաշտպանն արձանագրել է, որ 2018-19 թթ․ Պետրոսյանը, զբաղեցնելով մարզպետի պաշտոնը, միջամտել է Մրգաշեն համայնքի  միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման գործընթացին՝ իրականցնելով նաև գործող խորհրդի անհայտ իրավական հիմքերով լուծարման  գործընթաց։ «Խորհրդում մեր հավաստի տեղեկություններով «նշանակել է» իր հարազատ եղբորը, կառավարման խորհրդի նախագահ՝ իր եղբոր ընկերոջը, անդամներ՝ տվյալ համայնքի ղեկավարին, նրա կնոջը»,- նշված է դիմումի մեջ։

Դիմումը կարդալով՝ տեղեկանում ենք նաև, որ խորհրդի նախագահ ընտրվել է մի անձ, որը քվեարկել է տնօրենի միակ թեկնածուի՝ իր ծնողի օգտին։Հովհաննիսյանը նշել է նաև իր և Պետրոսյանի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Նրա փոխանցմամբ՝ մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել իր նկատմամբ, վնաս է պատճառել իր գույքին, սպառնալիքներ հնչեցրել։

Ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ (Քրեական գործ հարուցելու պարտականությունը), 176-րդ (Քրեական գործ հարուցելու առիթները), 178-րդ (Իրավաբանական անձանց հաղորդումները) հոդվածներով՝իրավապաշտպան կառույցի ղեկավարը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել