Լենա Ղազարյանը աշխատում էր որպես վաճառող֊գանձապահ «Բիթի» սուպերմարկետների ցանցում։ Ամսական ստանում էր 180 հազար դրամ աշխատավարձ և տանն ուներ կուտակած 2 հազար դոլար խնայողություն (այն առաջացել էր իր հանգուցյալ մոր ոսկեղենը վաճառելուց հետո)։ Մի քանի ամիս է ինչ Լենան ուշադիր հետևում էր մի քանի բանկերի գովազդներին և կայացրել էր որոշում` գումարը տանել բանկ և դնել որպես ավանդ։ Նա ընտրել էր «Փյունի» բանկը։

ՀՔԾ քննիչ Ռուստամ Պիդասյանը ստացել էր հրահանգ` շտապ գործ հարուցել «Բիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր` հանրահայտ խոշոր սեփականատեր Սյուզի Ալեքյանի նկատմամբ։ Վերջին շրջանում Սյուզին կտրուկ նվազեցրել էր ամենամյա հատկացումները կառավարության հովանավորությունը վայելող «Գյուղական ժպիտ» հիմնադրամին։ Երկար մտորումներից հետո քննիչ Պիդասյանը որոշեց գործ հարուցել ապօրինի հարստացման հոդվածով, քանի որ նախորդ հանցավոր ռեժիմի ժամանակ Սյուզին եղել էր ոչ միային օլիգարխուհի, այլ նաև դեպուտատ։ Խնդիրն այն էր, որ պետք էր վախեցնել Սյուզիին և ստիպել նրան վերականգնել ընդհանուր գումարով մոտ 100 հազար դոլարի մուծումը հիմնադրամին (այդ գումարը շտապ պետք էր հիմնադրամի խորհրդի անդամների Շվեյցարիա նախատեսված այցի ծախսերը հոգալու համար)։

Սյուզի Ալեքյանն իր աղբյուրներից տեղեկանում է իր դեմ քրեական գործի հարուցման մասին և նույն գիշեր բարեհաջող ձևով կազմակերպում է երկրից իր մեկնումը։

Քննիչ Պիդասյանը իմանալով Սյուզիի փախուստի մասին սկզբից մատնվում է թեթև խուճապի (ռուսերեն ասած`մանթրաժի)։ Հետո հանկարծ նա հիշում է վերջերս նոր Հայաստանի դեռևս նոր ԱԺ֊ի կողմից ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» և «Քրեադատավարական օրենսգրքի փոփոխությունների մասին» օրենքների մասին։ Չէ որ այդ նոր օրենքի համաձայն՝ քննիչ Ռուստամ Պիդասյանն այլևս կարիք չունի հիմնավորելու Սյուզիի հետ առնչություն ունեցող անձանց կասկածյալ կամ մեղադրյալ լինելու փաստական հանգամանքը, գնալ դատարան և լիքը այլ քայլեր։ Ընդամենը, նա պետք է ունենա իր մեջ հիմնավոր և վերաբերելի կասկած ցանկացած անձի վերաբերյալ, ասենք «Բիթի» սուպերմարկետների ցանցի բոլոր աշխատակիցների վերաբերյալ, որոնց, ըստ քննիչի հիմնավոր կասկածի, Սյուզին բաժանեց իր ապօրինի համարվող գումարը՝ ժամանակավորապես իրենց անունով պահելու հանցավոր նպատակով։ Դրանից հետո նա պետք է այդ ցուցակով դիմի Գլխավոր դատախազ Բարդակ Հոռոմի Դությանին, ստանա նրա թույլտվությունը (կամ ինչպես ԿԲ֊ում ասում են անցնի Բարդակի ֆիլտրը) և անմիջապես բանկից ստանա բոլոր աշխատողների բանկային մնացորդների մասին տվյալները։

Քննիչ Ռուստամ Պիդասյանը կազմում է «Բիթի» սուպերմարկետնների ցանցի թվով 197 աշխատողների ցուցակը, բարեհաջող անցնում է Բարդակի ֆիլտրը և անիջապես բանկային համակարգից ստանում է բոլոր աշխատողների բանկային մնացոդների մասին տվյալները։ Ի ուրախություն քննիչ Պիդասյանի՝ «Բիթիի» բոլոր աշխատակիցների դրամական մնացորդները կազմում են ավեի քան 110 հազ դոլար։ Այդ ցուցակում կա նաև Լենա Ղազարյանը՝ իր 2 հազար դոլար ավանդով։

Դե իհարկե միանգամից, համաձայն նոր օրենքի, քննիչ Ռուստամ Պիդասյանը կալանք է դնում այդ բոլոր գումարների վրա և սկսվում է նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում մեզ քաջածանոթ Լենա Ղազարյանը չի կարողանում հիմնավորել իր ունեցած գումարի օրինականությունը, քանի որ իր մոր ոսկեղենը վաճառել էր շուկայում՝ կանխիկ եղանակով, իրեն անծանոթ մարդկանց, այն էլ՝ հինգ տարի առաջ։

Դատարանի վճռով Լենա Ղազարյանի գումարը ի վերջո բռնագանձվում է։

Սյուզի Ալեքյանը այդ ընթացքում կարողանում է բանակցել իշխանություների հետ, վճարում է կատարում ինչպես «Գյուղական ժպիտներ», այնպես էլ «Ձեր քայլը» հիմնադրամներին և բարեհաջող վերադառնում է։

Քննիչ Ռուստամ Պիդասյանին նշանակում են նոր ավելի բարձր պաշտոնի։

Հարց. Իսկ ի՞նչ կլիներ Լենա Ղազարյանի 2 հազար դոլարի ճակատագիրը, եթե նա շարունակեր պահել իր գումարները տանը և ոչ թե բանկում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել