Բենյամին Նեթանյահուն վերջին ճիգերն է գործադրում Իսրայելի վարչապետի պաշտոնը պահպանելու ուղղությամբ՝ մշակելով տարբեր սցենարներ՝ ինչպես բացահայտ, այնպես էլ ստվերային:

Այս պահի դրությամբ ընդդիմադիր «Կապույտ, սպիտակ» դաշինքը 2 մանդատով գերազանցում է իշխող «Լիքուդ» կուսակցությանը, և մեծ է հավանականությունը, որ նրա առաջնորդ Բենի Գանցին կվստահվի նոր կառավարության ձևավորման գործընթացը:

Իսկ ի՞նչ է անում Նեթանյահուն վարչապետի պաշտոնը պահպանելու համար․

1. Համախմբել է ինչպես սեփական կուսակցության վերնախավին, այնպես էլ ամբողջ աջակողմյան ճամբարին, որպեսզի ներկայացվի բացառապես իր թեկնածությունը:
2. Դիմել է Բենի Գանցին ազգային միասնության կառավարություն ձևավորելու առաջարկով, բայց մերժվել է:
3. Դիտարկում է առաջին փուլով Գանցի կողմից կառավարության ձևավորման գործընթացը տապալելու հնարավորությունը, ինչպես արեց շուրջ 1 տասնամյակ առաջ ընտրություններում հաղթած Ցիպի Լիվնիի դեպքում:

Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Իսրայելում բավական անորոշ ներքաղաքական իրավիճակ է, վարչապետը չեղարկել է անգամ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցը:
Այս պայմաններում ամենից անցնցում լուծումը «Լիքուդի» որևէ ազդեցիկ ներկայացուցչի (նշվում են 3 պատգամավորների անուններ), բայց ոչ Նեթանյահուի կողմից կառավարության ձևավորման հնարավորությունն է, որին, սակայն, դեռևս պատրաստ չեն Իսրայելի քաղաքական ուժերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել