Asekose.am-ը գրում է.

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մահացած ծննդկանի բուժող բժիշկը՝ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է:

Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995 թ., մահացել է՝ 2019 թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի անհատական քարտը, նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը, վերցվել են բացատրություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել