Մերձավորարևելյան երկրների առավել հավակնոտ առաջնորդների շրջանում նաև մի բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ անձնական հավակնությունների` ամեն գնով առարկայացումը։ Այս համատեքստում բացառություն չի անգամ տարածաշրջանի արդեն, թերևս, միակ ժողովրդավարական երկիրը համարվող Իսրայել պետությունը։ 
Այդ երկրի պատմության ամենաազդեցիկ և նշանավոր վարչապետներից մեկը՝ Բենյամին Նեթանյահուն, այսօր՝ հուլիսի 20-ին, սահմանում է նոր պատմական երկարակեցության ռեկորդ՝ իր կառավարման ժամկետով գերազանցելով Իսրայելի հիմնադիր վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնին։ Վերջինը, ընդհանուր առմամբ, կառավարել է 4875 օր՝ սկսած Իսրայել պետության հռչակման օրից՝ 1948թ․ մայիսի 14-ից։

Նեթանյահուն առաջին անգամ վարչապետ է ընտրվել 1996թ․, ապա` 1999թ․ և 2009թ․ մարտի 31-ից ցայժմ․ ավելին` որոշակի հնարավորություններ ունի այդ պաշտոնում վերընտրվելու նաև առաջիկա սեպտեմբերի 17-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Իսկ երկրի պատմության մեջ նաև նման կերպ իր անունը թողնելու համար Նեթանյահուն, ըստ էության, արեց ամեն հնարավորը՝ տարաբնույթ քաղաքական մանիպուլյացիաներից մինչև աննախադեպ քայլեր, որպես օրինակ` երկրի օրենսդրության շրջանցմամբ և խորհրդարանի ինքնալուծարման միջոցով վարչապետի պաշտոնում կառավարման ժամկետը երկարաձգելու նախաձեռնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել