Այսօրվա ՀՀ կառավարության նիստին ոստիկանապետը զեկուցեց ՃՏՊ-ների աճի մասին, և թեթև քննարկում ծավալվեց հնարավոր պատճառների վերաբերյալ:
Քննարկմանը միացավ նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը. «Եթե կարելի է քննարկման հարց դարձնել մեկ գործոն ևս, որը, կարծում եմ, շատ կարևոր է՝ բացի նշվածներից: Այդ գործոնն ինձ ներկայացրեց այս տարվա մարտին Հելսինկիում Ֆինլանդիայի իմ գործընկերը: Նա պատմեց, որ արդեն երկրորդ տասնամյակն է, որ մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում զարգացած հանրային տրանսպորտի համակարգ է ներդրվել, որն էապես թեթևացրել է տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, և անգամ շահավետ չէ խոշոր քաղաքներում փոքրալիտրաժ մարդատար տրանսպորտ օգտագործելը: Եվ անգամ Ֆինլանդիայում երկրորդ տասնամյակն է, որ շահավետ չէ, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները ծառայողական մեքենա ունենան:
Այնպիսի զարգացած հանրային տրանսպորտային համակարգ է: Միգուցե այս գործոնը ևս արժե քննարկման առարկա դարձնել»:
Փաշինյանը թեթև ժպիտով. «Չէ, դա ակնհայտ բան եք ասում, պարոն Մնացականյան։ Իհարկե, պետք ա քննարկել»:
Ու անցան առաջ, այլ թեմաների...
Գրողը տանի, և՛ Կառավարության, և՛ Ազգային ժողովի նիստերին ավելի մակերեսային քննարկումներ ու մտքերի փոխանակում է տեղի ունենում, քան, ասենք, երբ մենք ընկերներով սիրողական մակարդակի քննարկում ենք անում:
Ինձ համար տարօրինակ է, որ Մնացականյանն արդեն տասնյակ տարիներ տարբեր զարգացած երկրներում է լինում, ու իրեն իր ֆինլանդական գործընկերը պետք է պատմեր հանրային զարգացած տրանսպորտի համակարգի կարևորության մասին, ու նա դա դրանից հետո լուրջ ընդուներ և հայտարարեր դրա մասին ՀՀ կառավարության նիստում:
Դե էն, որ Փաշինյանը համակարգ ստեղծող մարդ չէ, արդեն պարզ է, դրա համար էլ նման կարևորության հարցը, ասում են՝ հա, դե կքննարկենք, ու անցնում են առաջ:
Սա ոչ թե քննարկել, այլ իրագործել է պետք:
Երևանի քաղաքապետարանը դեռ շարունակում է թիթեռնիկ նկարել այն ժամանակ, երբ քաղաքի ճանապարհատրանսպորտային Չ-համակարգն էլ ավելի է քաոսային դառնում` պայմանավորված նաև դրան հեծանվորդների միանալով` առանց համապատասխան ենթակառուցվածքների առկայության:
Հ.Գ. Մի 15 տարի առաջ շենքի շինարարության գլխին էի, մի բանվոր ունեինք, տարիքով մարդ էր, բայց մի քանի հոգու գործ էր անում: Հենց տեսնում էր՝ մեկը գլխառադ ա անում, մինչև իմ խառնվելն ինքն էր դիտողություն անում` մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Ճուլտ ու քշի ես անում... Գործ արա, գործ»: Ամբողջությամբ վերագրելի ա մեր ներկա իշխանություններին: